Բացել լրահոսը Փակել լրահոսը
745
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական իշխանություններն ընդդեմ թուրքական «փափուկ ուժի»

«Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը» հրապարակել է վերլուծական հոդված, որը անդրադառնում է թուրքական «փափուկ ուժի» կիրառմանը: 

Իրենց ազդեցությունն աշխարհում մեծացնելու համար պետություններն օգտագործում են ոչ միայն ռազմական և տնտեսական միջոցներն, այլև՝ այսպես կոչված «փափուկ ուժը»: Նրանք ձգտում են իրենց մշակութային ազդեցությունը մեծացնել այն երկրներում, որոնք իրենց համար ռազմավարական կարևորություն են ներկայացնում։ Այս երևույթն աշխարհում ստացել է «փափուկ ուժի կիրառում» անվանումը: Թուրքիան, որը ևս ձգտում է իր դերը բարձրացնել աշխարհում, սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ քաղաքականությանը, որը մեծապես զգացվում է թյուրքական ծագում ունեցող երկրներում, հատկապես՝ Ադրբեջանում։

Լեզվական և կրոնական ընդհանրությունները, որոնք ազգերի մշակութային հիմնական բաղադրատարրերն են, Թուրքիային հնարավորություն են տալիս Ադրբեջանում ավելի հեշտ կիրառել «փափուկ ուժի» քաղաքականությունը: 1991 թվականին՝ Ադրբեջանի անկախացումից հետո, Թուրքիան սկսել է մեծացնել ռազմավարական ազդեցությունն այնտեղ՝ միախառնելով տնտեսական գործընկերությունը մշակութային և գաղափարական ակտիվ գործունեության հետ՝  «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո: Թուրքիայի «փափուկ ուժի» ամենաարդյունավետ գործիքներից մեկն Ադրբեջանում պանթյուրքիզմի գաղափարախոսության տարածումն է: Վերջինիս նպատակն է հասնել թյուրքալեզու ժողովուրդների միասնությանը: Թուրքիան էլ իրեն համարում է այդ շարժման առաջնորդը: Այս ռազմավարության հաջողության մեջ մեծ ներդում են ունեցել նաև մշակութային ծրագրերը, լրատվամիջոցների գործունեությունը և ուսանողների փոխանակումները: Օրինակ՝ կրթական ոլորտում մեծ գործունեություն է ծավալում Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդը (YÖK), որի նախաձեռնությամբ առաջիկայում Բաքվում նախատեսվում է բացել թուրք-ադրբեջանական համալսարան: Իրականացվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ:

Թուրքական հեռուստասերիալներն, իրենց հերթին, մեծ ճանաչում են վայելում Ադրբեջանում և ապահովում են ոչ միայն ժամանց, այլ նաև փոխանցում են թուրքական արժեքներ, պատմություն՝ ապահովելով նաև Թուրքիայի մշակութային ներկայությունն ադրբեջանցիների առօրյա կյանքում: Այդ հեռուստասերիալներն այնքան մեծ ազդեցություն էին գործում ադրբեջանական հասարակության վրա, որ 2008 թվականին դրանց հեռարձակումը երկրում ժամանակավորապես կասեցվում է, այնուհետև մեծ գումար է տրամադրվում սեփական արտադրության սերիալների նկարահանման համար: Չնայած այդ արգելքին՝ ադրբեջանցիները շարունակում են դիտել թուրքական սերիալներն համացանցային տիրույթում։

Բացի այդ՝ Թուրքիան առաջարկում է կրթաթոշակներ և կրթական այլ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ադրբեջանցի ուսանողներին սովորելու թուրքական բուհերում:

Թուրքական ազդեցության մեծացման գործում մեծ դեր է կատարում նաև 2009 թվականին ստեղծված «Թյուրքական պետությունների կազմակերպությունը» (TDT, նախկինում՝ «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ» կամ «Թյուրքական խորհուրդ»), որի նպատակն է խթանել համագործակցությունը թյուրքական պետությունների միջև: Այս և նման այլ կառույցների գործունեության շնորհիվ մեծանում են Թուրքիայի մշակութային և քաղաքական լծակներն Ադրբեջանում և թյուրքական ծագում ունեցող այլ երկրներում:

Հարկ է նշել նաև Ադրբեջանում հեռարձակվող թյուրքալեզու լրատվամիջոցներից «TRT AVAZ»-ը, որը քարոզում է թուրքական հեռանկարները տարածաշրջանային և գլոբալ հարցերի վերաբերյալ: Հաղորդումները հիմնականում վարում են թուրքերենով, կան նաև ադրբեջաներեն, ղազախերեն, ուզբեկերեն և թուրքմեներեն հաղորդումներ:

«Փափուկ ուժի» կիրառման կարևոր գործիք է նաև թուրքերենը։ Բազմաթիվ ադրբեջանցիներ սահուն տիրապետում են թուրքերենին, քանի որ երկրում գործում են թուրքալեզու դպրոցներ, համալսարաններ և մշակութային կենտրոններ: Ուսանողների և մշակութային գործիչների փոխանակման ծրագրերն ավելի են խորացնում այդ կապերը։ Օրինակ՝ 2015 թվականի տվյալներով՝ Յունուս Էմրեի անվան ինստիտուտի (Yunus Emre Enstitüsü)՝ արտասահմանյան թուրքական մշակութային կենտրոններում անցկացված թուրքերենի իմացության քննությանն ամենաբարձր մասնակցությունը եղել է Ադրբեջանից: Հարկ է նշել, որ այս ինստիտուտն Անկարայում 2007 թվականին հիմնադրվել է թուրքական կառավարության կողմից, որը ողջ աշխարհում զբաղվում է թուրքական մշակույթի տարածմամբ։

Թուրքիան «փափուկ ուժ» է կիրառում նաև կրոնական դիվանագիտության միջոցով։ Թեև երկուսն էլ աշխարհիկ պետություններ են, բնակչության մեծագույն մասն իսլամի հետևորդներ են, ինչը հնարավորություն է տալիս Թուրքիային կրոնական կազմակերպությունների միջոցով մեծացնել իր ազդեցությունը։ Միակ խանգարող հանգամանքն այն է, որ ադրբեջանցիների մեծամասնությունը շիա ուղղության հետևորդ են, իսկ թուրքերը՝ սունի: Ամենաակտիվ կազմակերպություններից են «Diyanet»-ը՝ «Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը» և «Թուրքիայի կրոնական հիմնադրամը» (TDV): Վերջինս ստեղծվել է 1975 թվականի մարտին՝ աջակցելու «Կրոնական հարցերի տնօրինության» աշխատանքներին և նպաստելու իսլամի տարածմանը։ Այս կազմակերպություններն Ադրբեջանում կառուցում են մզկիթներ, տարածում իսլամական կրթություն՝ Թուրքիային ներկայացնելով որպես իսլամական արժեքների պահապան։ «Թուրքիայի կրոնական հիմնադրամ»-ին պատկանող Բաքվի թուրքական բարձրագույն դպրոցի աշակերտները լավագույն արդյունքներն են գրանցում Ադրբեջանում:

Պետք է նշել, որ ադրբեջանական իշխանությունները ներկայումս փորձում են հնարավորինս կառավարելի դարձնել այդ գործընթացները տարբեր ուղիներով, որոնցից մեկն էլ «ադրբեջանական ինքնության» զարգացումն է: Ակտիվորեն խրախուսվում է ադրբեջաներենի լայն օգտագործումը հասարակական կյանքում, լրատվամիջոցներում և կրթության բնագավառում: Կառավարությունն աջակցում է ադրբեջանական հեռուստասերիալների, ֆիլմերի և լրատվական հաղորդումների արտադրությանը:

 Ադրբեջանը, թեև թույլատրում է թուրքական կրոնական կազմակերպությունների գործունեությունը երկրում, սակայն խիստ վերահսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ: Ադրբեջանում կրոնական բոլոր հաստատությունները, մզկիթներն ու կրոնական դպրոցները պետք է գրանցվեն Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեում (Azərbaycan Respublikası Dini Qurumlarla İş üzrə Dövlət Komitəsi): Այս կառույցը խիստ կանոնակարգեր է սահմանում օտարերկրյա կրոնական, այդ թվում՝ թուրքական խմբերի ազդեցությունը կանխելու համար: Բացի այդ՝ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում՝ փակելու այն մզկիթներն ու կրոնական կենտրոնները, որոնք գործում են առանց գրանցման կամ չեն համապատասխանում պետական պահանջներին։ Հատկանշական է 2009 թվականին Բաքվում Թուրքիայի կողմից կառուցված Իլահիյաթ մզկիթի փակումը:

Այսպիսով՝ Թուրքիան հմտորեն օգտագործում է «փափուկ ուժի» մի շարք գործիքներ՝ Ադրբեջանի վրա խորը և կայուն ազդեցություն ունենալու համար: Համատեղելով մշակութային դիվանագիտությունը, տնտեսական համագործակցությունը, կրոնական իրազեկումն ու քաղաքական աջակցությունը՝ Թուրքիան մեծ ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում, ինչը կանխելու համար ադրբեջանական իշխանությունները տարբեր քայլեր են ձեռնարկում: Այս պարագայում՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսն ստանում է զուտ քաղաքական իմաստ, և օգտագործվում է միայն քաղաքական խնդիրները լուծելու նպատակով: