A
A
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերթական անգամ բողոքել է, որ հայկական կողմը զարգացնում է պաշտպանական ոլորտում գործակցությունը տարբեր երկրների հետ: Այխան Հաջիզադեն մեղադրել է Հայաստանին իբր ռազմականացման և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել էր Բաքվից հնչող մեղադրանքներին և սպառնալից հայտարարություններին: Անի Բադալյանը վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։
ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով։ «Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- հավելել է Անի Բադալյանը։ Նա կոչ է արել ագրեսիվ հռետորաբանության փոխարեն կենտրոնանալ Խաղաղության պայմանագիր ստորագրելու և մյուս հարցերը շուտափույթ լուծելու վրա։