Օրացույց․ 13-ը հոկտեմբերի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանի հանդիպումը տպավորություն է թողնում, թե Զուրաբյանը տհաճությամբ է շփվում։ Խոսնակը բոլոր հարցերին պատասխանում է միավանկ կամ «դուք ինձ ճիշտ չեք հասկանում» բառերով։
1997-ի այս օրերին Հայաստանում գտնվող ԱՄՆ Նախագահի նախկին թեկնածու Բոբ Դոուլը համոզված է, որ եթե իր ընտրություններն անցկացվեին Հայաստանում, ինքը կհաղթեր։ Այստեղ նա դեղատոմս ունի, թե որ դեպքում կյանքը հայաստանում կլավանա՝ այն դեպքում, եթե ամերիկահայ մի ընտանիքը հովանավորի հայաստանյան մեկ ընտանիքի։
Հաջորդ տարվա հոկտեմբերի 12-ին Հայաստանում է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը։ Իր բառերով, հայաստան գալու գլխավոր պատճառն այս երկրի հանդեպ սերն է, ինքը առիթը բաց չի թողնի հաճախ գալ, նա չի եկել համերգ տալու, բայց երգեր ձոնելուն դեմ չէ։ Նոր Հաճըն քաղաքի ավագանու ընտրություններին 12 թեկնածուների մեջ առանձնանում է Փառանձեմ մայրիկը։Արցախյան ազատամարտում նա կորցրել է միակ որդուն, հիմա 75-ամյա կինը որոշել է ակտիվ լինել հասարակական-քաղաքական կյանքում։
1999-ի հոկտեմբերի 13-ին երեւանցի ուսուցիչների մի խումբ ՝ դասերը թողած բողոքում է քաղաքապետարանի դիմաց՝ վերադարձրեք մեր նախկին տնօրենին։ Իրենց տնօրենին հեռացրել են թոշակի գնալու տարիքին հասնելու պատճառով եւ անմիջապես նշանակել պոտենցիալ թոշակառու մյուսին։
2000-ի այս օրերին Դաշնակցության բազմաթիվ անդամներ աշխատանքի են անցնում իշխանության միջին օղակներում, թեպետ կուսակցությունը նախարարական պորտֆելներ է մերժել։ Դաշնակցականն էլ իրավունք ունի աշխատել իր հայրենիքի եւ ժողովրդի համար,-ասում է պատգամավոր Դավիթ Լոքյանը։
2000 թվականի հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում է պատի տակի մի համեստ աթոռ։ Նա ընդամենը Արարատի մարզպետն է։ Քննարկվող հարցերի մի մասը միայն անուղղակիորեն են վերաբերվում իր մարզին ։
Ղարաբաղի Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր հեռուստամարաթոն է ձեռնարկում այդպես էլ չհավաքելով նախորդ տարվա հեռուստամարաթոնին խոստացված 5 միլիոն դոլարը։ Ավելին, կա վտանգ, որ մոտ կես միլիոն դոլար այդպես էլ չեն տա։ Հիմնադրամի տնօրենին տհաճություն է պատճառում մարաթոններին հայ մեծահարուստների պասիվ մասնակցությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությամբ զբաղված ռուսաստանցի գործարար Արկադի Վարդանյանը Չարենցի փողոցում բացում է իր գլխավոր գրասենյակը։։Հրավիրել է մշակույթի գործիչների եւ պետական պաշտոնյաների, սակայն նրանք չկան։
2001-ի այս օրը ՀԺԿ Կենտրոն տարածքային կառույցի կոնֆերանսի հիմնական թեման Ռոբերտ Քոչարյանն է։Կոնֆերանսում նշվում է, որ ընդդիմադիր երեք ուժեր շուտով կզբաղվեն նրանով։ Հիշում են նաեւ, որ ընդամենը 20 օր առաջ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանում մարդ սպանեց։
2001-ի այս օրերին «Աքիլես» կազմակերպությունն այսպիսի կրծքանշաններ է ուզում բաժանել վարորդներին եւ ոստիկանության տեսուչներին, թեպետ առանձնապես վստահ չէ, որ տեսուչները դրանք կկրեն։Եթե համաձայնվեին կրել, նրանց հակակոռուպցիոն ռեյտինգը կբարձրանար։
2004-ի հոկտեմբերի 13-ին անդրադառնալով վերջերս արդարադատության նախարարության կողմից «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ կառավարությունը շարունակելու է օրենքի շրջանակներում պայքարել վտանգավոր աղանդների դեմ:
2006-ից այս օրը ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն Ազգային Ժողովում հարձակվում է «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանի վրա։ Պատճառը թերթում տպված մի հոդված է, որի հեղինակը տիկին Իսրայելյանը չէր։ Երբ վերջինս պատգամավորի ուշադրությունը հրավիրում է դրա վրա, Գեւորգյանը բղավում է՝ կարգին խոսա, կտամ, գլուխդ կթռնի։
2008-ի այս օրը Աբովյանի քաղաքապետ է ընտրվում Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը։ Նա ընտրություններին մասնակցող միակ թեկնածուն էր։ 2009-ի այս օրը հայտնի է դառնում, որ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը ստեղծել են «Սարդարապատ» կոմիտեն։Դա չի նշանակում, թե Սեֆիլյանը լքում է Հայ Ազգային կոնգրեսը։