Մորաքրոջ տղայի պարանոցի ոսկե շղթայի համար մուրճով սպանել եւ հափշտակել է այն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են Ձորաղբյուր բնակավայրի բնակչի սպանության՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:
Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 42-ամյա բնակիչը, իր մորաքրոջ որդու տուն կատարած այցելությունների ընթացքում տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել նրան և ավազակությամբ հափշտակել այն:
Իր մտադրությունն իրագործելու նպատակով 42-ամյա տղամարդը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, այցելել է նշված ազգականին և տեսնելով, որ նա տանը միայնակ է, փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ տանը կացին չունի, որոշել է իր տանը գտնվող մուրճով սպանել:
Որպեսզի տուժողը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո վերադարձել է իր տուն՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով:
Իր բնակության վայրից վերցնելով մուրճը և այն թաքցնելով պարկի մեջ, իսկ խոհանոցային դանակը՝ գոտկատեղում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է ազգականի տուն և երբ վերջինս նստել է մահճակալին, 42-ամյա տղամարդը, պարկից աննկատ հանելով մետաղյա գլխով մուրճը, մի քանի հարված է հասցրել նրա գլխի գագաթային շրջանին և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:
Տեսնելով, որ մորաքրոջ որդին անշարժացել է, իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով 36,5 սմ երկարությամբ ոսկյա շղթայի մի հատվածը՝ հեռացել է՝ հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով դեպքի վայրում:
Քննությամբ պարզվել է, որ ազգականին սպանելուց հետո 42-ամյա տղամարդը գնացել է Երևանի առևտրի կենտրոններից մեկը, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե