Կառավարությունը հաստատեց ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը համալրելու նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը հաստատեց ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը համալրելու նախագիծը։
Որոշման նախագիծը կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է 51 տարրից բաղկացած ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը համալրել ևս 17-ով, այդ թվում՝ համայնքներից ներկայացված Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյումրիի ոսկերչության ու արծաթագործության, Դիլիջանի փայտի փորագրության և կիրառման, Սիսիանի խեցեգործության ու կիրառման, Ճամբարակում մեղվապահության, Աշտարակում քաղցր շարոցի պատրաստման ավանդույթներն ու այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այդ բնակավայրերի զբոսաշրջային գրավչության ու տնտեսական զարգացման ևս մեկ խթան՝ նպաստելով նաև տարբեր համայնքների ավելի բովանդակային ու խորքային ճանաչողությանը։
Բացի այդ, Անդրեասյանի համոզմամբ, համայնքների ոչ մշակութային արժեքների հավաքագրումն ու շտեմարանների կազմումը կօգնի հետագայում դրանցից որոշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու գործընթացին, ինչպես տեղի ունեցավ նախորդ տարի՝ Գյումրիի դարբնության ավանդույթի դեպքում։
«Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության ու զբոսաշրջության խթանման լավ հիմք։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով, դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի տարաբնույթ ծառայությունների կազմակերպման հիմք, թե՛ նաև տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով։ ԿԳՄՍՆ-ն շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ, ինչի լավ օրինակ է, մասնավորապես, ազգային ուտեստների շտեմարանի կազմումը, որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 ճաշատեսակներ։ Թվային շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսել սննդի ոլորտի ընկերություններին ներառել այդ ճաշատեսակներն իրենց ճաշացանկերում, դրանք դարձնել նաև տարատեսակ նյութ մեդիադաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն, ինչպես նաև տնտեսական զարգացմանը»,-ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ վերջին շրջանում համայնքները նկատելի աշխուժություն են ցուցաբերում և ցանկն ամբողջանում է նաև նրանց ներկայացրած առաջարկների հիման վրա։