Բացել լրահոսը Փակել լրահոսը
09.12.2024
A A
Պաշտոնական

Պաշտոնատար անձն ազատազրկվել է 7 տարի ժամկետով՝ խոշտանգման համար

7 տարի ժամկետով ազատազրկում` պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգման համար. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և բավարարել դատախազի` պատժի նշանակման վերաբերյալ միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Մ.-ին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը միջնորդել էր Դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձանձ կողմից խոշտանգում կատարելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 7 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Ա.Մ.-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 30-ից զբաղեցնելով Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել էր մեղադրյալ Ա.Ա.-ին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: