Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:

 

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է. «Հենց սա էլ ստիպել է մտածել այս նախագծի մասին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ

ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»: Ըստ նախարարի՝ շահառուների խմբի 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: «Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք», - ասել է նախարարը:

 

Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: «Սա վարկերի ներում չէ, այլ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատավարձի եկամտահարկով և նաև որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել իրենց վարկը: Եվ կարևորը նախապայմանը՝ ֆորմալ զբաղվածությունն է, այսինքն՝ առանց աշխատանքի իրենք չեն կարող դառնալ այս համակարգի շահառու»,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր որոշում է, սակայն հայեցակարգային խնդիր կա: «Վերջին շրջանում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերությունների հարցն է և՛ պետական, և՛ անհատական առումով: Այս հարաբերություններում շատ խորը պրոբլեմներ կան մեր հանրության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել, որ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկը վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: Այս առումով, ըստ վարչապետի, ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ:

 

Ծրագրի արդյունավետության համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է իրազեկման հարցը և հանձնարարել պատասխանատուներին քննարկել և գտնել տարբերակ, թե ինչպես հնարավոր կլինի ծրագրի շահառուներին անձնապես որոշման մասին տեղեկացնել:

 

Նարեկ Մկրտչյանի խոսքով, իրազեկման հատվածը ծրագրի իրականացման ամենակարևոր հատվածներից մեկն է, այս ուղղությամբ նաև իրազեկման տեսահոլովակներ են պատրաստվում, որոնք ակտիվորեն կտարածվեն:

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ առաջարկել է. «Մարդկանց այն խմբի համար, ովքեր այս ծրագրի շահառու են դառնալու և 24 ամիս կարգապահորեն բանկերի նկատմամբ պարտավորություններ են կատարելու, շատերը նաև գրանցված աշխատողներ են դառնալու, իրենց համար հետագայում այդ «սև ցուցակներից» դուրս գալու մի հատ կամրջային մոտեցում պետք է լինի: Իրենց հիմնական շահը ո՞րն է, իրենք ուզում են ոչ միայն պետության հետ աշխատանքային հարաբերությունները դարձնել թափանցիկ, այլև այդ 24 ամսյա ժամանակահատվածը լրանալուց հետո բանկերի հետ, արդեն որպես վարկունակ, վերականգնված վարկառուներ, փոխհարաբերություններ հաստատել»: