Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 30-ը դեկտեմբերի․ Եթե իմանաք Արցախը ինչ է ստանալու, կհամարեք ոչ թե փոխզիջում՝ այլ հաղթանակ (տեսանյութ)

1992-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս ամանորյա ուղերձով: Երկիրը շարունակում է ապրել առանց գազի եւ լույսի, հընթացս օգնում է գոյատեւել Լեռնային Ղարաբաղին: Ամանորի գիշերը սակայն կա եւ մեկը եւ մյուսը: Սակայն վաղվա համար ոչ ոք երաշխավոր չէ: Նախագահ Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ Նոր 1993 թվականը կլինի դաժան փորձությունների վերջին տարին:

1997-ի այս օրը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանը հայտարարում է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10, իսկ ուսուցիչներինը՝ 30 տոկոսով: Սակայն դա կարվի ոչ թե բյուջեի, այլ 10 հազար աշխատակիցների կրճատելու միջոցով: Որից հետո կառավարության գերխնդիրն է լինելու նոր աշխատատեղերի ստեղծումը՝ վճարե՞լ եք արդյոք հարկերը:

1997-ի գլխավոր իրադարձությունն, այնուամենայնիվ, Եղիշե Չարենցի 100- ամյակն էր: Տարին առանձնացավ նաեւ նախագահ Տեր-Պետրոսյանի հռչակավոր «Խաղաղություն, թե պատերազմ. լրջանալու պահը» հոդվածով, որը արցախյան հակամարտության լուծման ուղիների մասին էր:

1997-ին Հայաստանի վարչապետ դարձավ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀՇ վարչության նախագահ ընտրվեց Վանո Սիրադեղյանը, դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ազատազրկվում է 5 տարով, Քըրք Քըրքորյանը Հայաստանին դրամադրում է 100 միլիոն դոլարի վարկ ցածր տոկոսներով:

1997-ին չի նկարահանվում ոչ մի գեղարվեստական ֆիլմ, Հայաստանն անցումային փուլից մտնում է զարգացման փուլ: Էլեկտրալամպերի Գործարանը երեք տարի արդեն չի աշխատում: Մարդիկ հասել են Բաղրամյան 26, որպեսզի հիշեցնեն: Խոսքը մոտ 160 միլիոն դրամի մասին է: Ավելի վաղ նրանց աշխատավարձ էր խոստացել արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը: Խոստացել էր եւ հեռացել պաշտոնից:

1999-ի այս օրը Ռուսաստանի դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը Ռոբերտ Քոչարյանին է փոխանցում Դաշնության նախագահ Բորիս Ելցինի ամանորյա շնորհավորանքը : Ելցինը գոհ է Քոչարյանի հետ համագործակցությունից: Հաջորդ օրը Ելցինը հրաժական է տալիս Դաշնության նախագահի պաշտոնից : Նա ասում է, որ 2000 թվականին Ռուսաստանին պետք է թարմ ուժ: Իսկ այդպիսին է, օրինակ, Վլադիմիր Պուտինը:

2000-ի դեկտեմբերի 30-ին Ազգային ժողովը հրավիրում է դարի վերջին նիստը, որով վավերացնում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը : Սակայն վավերացումն այդքան հեշտ չընդունվեց, Օսկանյանն անձամբ էր խնդրում ընդդիմադիրներին կողմ քվեարկել : Կոմունիստ Խորեն Սարգսյանը զարմացած է՝ տեղ գտաք մեզ մտցնելու: Միակ ընդդիմացողը մնաց Ազատ Արշակյանը:

Նույն օրը լրագրողների ամանորյա ընդունելություն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում : Հընթացս լրագրողները պարզում են, որ Քոչարյանը թերթ չի կարդում առավոտը չփչացնելու համար, չի դիտում Ա1+-ի լրատվական ծրագիրը չթունավորվելու համար: Լրագրողները մաղթանքներ ունեն նախագահին:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կառավարության նիստին : Չնայած դրան, դեռ չի կարող ամփոփել վերջինիս գործունեությունը : Փոխարենը վարչապետը գիտի, թե որն է տարվա թերացումը : Հիմա նրան 50-60 միլիարդ դրամ է պետք նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերը փակելու համար: Դա նոր տարվա լավ նվեր կլինի:

2001-ին նույնպես Ռոբերտ Քոչարյանն ընդունում է լրագրողներին : Այս ընդունելությանը նախագահը խոստանում է հովանավորել Ա1+-ին, եթե վերջինս կարիք ունենա : Իսկ մյուսները մաղթանք ունեին երեք ամիս հետո եթերից զրկվող Ա1+-ին:

2001-ի այս օրը ֆինանսների փոխնախարարը խոստանում է, որ մյուս տարի կարձանագրվի 6 տոկոսանոց տնտեսական աճ: Ի դեպ, Արտաշես Գեղամյանը կանխատեսում է նաեւ, թե ինչ է սպասվում 2002-ին քաղաքական դաշտում՝ կբացվեն նոր կուսակցություններ, որոնք սեր կբացատրեն հանրապետության նախագահին:

2012-ի դեկտեմբերի 30-ին Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ նոր քաղաքական ուժերին տեղ տալու ժամանակն է: Նա խորհրդարան է եկել Լուվրի թանգարանից ձեռք բերած բացիկներով, որով Հայաստանի երեք նախագահներին մաղթանք է հղում հեռանալ քաղաքական դաշտից: