Բացել լրահոսը Փակել լրահոսը
4c3q6a2f7e371b2dy8w_800C450
A A
Պաշտոնական

Իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում․ կոչ միջազգային կազմակերպություններին

Հայաստանյան ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ և անհատ իրավապաշտպաններ դիմել են մի շարք միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների և Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ հունվարի 17-ին Բաքվում մեկնարկող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատաքննությունների մշտադիտարկում իրականացնելու խնդրանքով։

Կոչն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, Եվրոպական հանձնաժողովին, Amnesty International, Human Rights Watch, Fair Trials, Իրավաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու Իրավունքների ինստիտուտին և այլ կազմակերպություններին: Բացի այդ, նամակն ուղարկվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների դեսպանների։

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս եւ իրավապաշտպաններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետությունում ներկայումս պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շարունակական կալանավորման եւ քրեական հետապնդումների առնչությամբ։ Հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը եւ իրավական գործընթացների ընթացքում նրանց իրավունքների լայնածավալ խախտումները՝ պահանջում ենք միջազգային մոնիթորինգ՝ ապահովելու հայերի նկատմամբ արդարադատության միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումը եւ արդար դատաքննության երաշխավորումը», - ասվում է նամակում։

Նամակում նաև շեշտվում է, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնված դատական գործընթացները լրջագույն մտահոգություններ են առաջացնում՝ հաշվի առնելով արդար դատաքննության միջազգային չափանիշների խախտումները։ «Մինչ օրս իրականացված դիտարկումների համաձայն՝ այս դատավարական գործընթացներն անցկացվել են ընթացակարգային բազմաթիվ թերություններով, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի խախտմամբ, գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությամբ, իրավական ոչ պատշաճ ներկայացուցչության, պաշտպանության իրավունքի, ինչպես նաեւ անկախ եւ անաչառ դատարանի իրավունքների բացարձակ բացակայությամբ»։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունը անկախ և արդյունավետ չէ, իսկ անկախ փաստաբանների նկատմամբ գործադրվում են ահաբեկումներ և նրանց մասնագիտական պարտականությունների իրականացման խոչընդոտներ։

«Ավելին, այս շինծու գործերը եւ ցուցադրական դատավարությունները կարող են նպաստել արդեն իսկ գոյություն ունեցող եւ պետության կողմից հովանավորվող հայատյացությանը՝ հայերի դեմ ատելությանն ու քարոզչությանը, ինչպես փաստագրված է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից», - ասված է նամակում։

Շեշտվում է նաև, որ Ադրբեջանի դատական համակարգն անկախ չէ և առկա են հիմնավոր ապացույցներ, որոնք վկայում են գործադիր իշխանությանը ենթակայության մասին, ինչը դատական համակարգը վերածել է պետական իշխանության գործիքի։

«Մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ անմիջապես համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կազմակերպելու հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ՝ սպասվող և ընթացիկ դատավարությունների անկախ մոնիթորինգն ու արդյունքների հրապարակումը։ Այս մոնիթորինգը պետք է ներառի դատավարություններին անսահմանափակ մուտքի հնարավորություն և դրանց արդյունքների հանրային հասանելիություն: Նման վերահսկողությունը վճռորոշ է՝ ապահովելու էթնիկ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ արդար դատաքննության անցկացումը և արդարադատության ու անաչառության միջազգային սկզբունքների պահպանումը», - եզրափակված է նամակում:

 

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Թուֆենկյան հիմնադրամ

Իրավապաշտպան Արա Ղազարյան

Իրավապաշտպան Ֆիլիպ Քալֆայան

Իրավապաշտպան Արփի Ավետիսյան

Իրավապաշտպան Գեղամ Ստեփանյան