Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վարձատրության դիմաց թմրանյութ է տեղադրել Հայաստանի տարբեր քաղաքներում (տեսանյութ)

Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենի չորս փաթեթ: Դրանցում մարիխուանայի նմանվող զանգված էր: Իսկ թե այդ «Մերսեդեսով» ինչու՞ էր Գյումրի հասել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը` պարզել էին Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները։

Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ:
Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին:
Բացատրական աշխատանքն արագ արդյունք տվեց: Նա հայտնեց, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են:

35-ամյա երիտասարդը հավելեց, որ նույն կայքէջից նման առաջարկ էր ստացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր:
Դատարանի որոշմամբ հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ:
Նախաքննությունը շարունակվում է:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: