
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի պատվիրակությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում (ՀԱԳՄ) մարտի 20-ին հյուրընկալվել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի (ՎԳԱ) ներկայացուցչական պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրին Միությունից, ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը ներկայացրել է Միության գործունեության հիմնական գործառույթները, իրականացվող ծրագրերը, Հայաստանի ներդրումային հնարավորությունները։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վրացական պատվիրակության ղեկավարը կանգ է առել այն առաջնահերթությունների վրա, որոնք այսօր դրված են ՎԳԱ-ի առջև, ներկայացրել Ասոցիացիայի անդամների հետ ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է փոխգործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, նախանշվել համագործակցության առաջիկա ուղղությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելությունները և շփումները դարձնել պարբերական։