
ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը նվազել է 11,7%-ով, շարունակվում են համագործակցային ծրագրերը
Աջակցիր «Ա1+»-ինՏարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը, շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Նշվել է, որ հաշվետու տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում Եվրամիությունը Հայաստանին է ներկայացրել 2024-2027 թվականների համար նախատեսված «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը` միտված Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը: Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է համապատասխան ճանապարհային քարտեզ:
2024 թվականի հուլիսին ԵՄ խորհուրդն ընդունել է որոշումներ Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ:
Համագործակցության շրջանակում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է գործել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են: «Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է. «Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այսօր Եվրամիության կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է: Որեւէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա. կա'մ այդ երկխոսությունն ավարտվել է արդեն, եւ վիզաների ազատականացումը տեղի է ունեցել, կա'մ նման մտադրություն որեւէ այլ պետության նկատմամբ չկա էլ»: Ըստ նրա` սա վերաբերմունքի ցուցիչ է:
Պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում կարելի է դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տեւել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ու իրականացված ծրագրերը, նշել հաշվետու տարում առեւտրաշրջանառության ծավալների նվազման պատճառները:
Ըստ զեկույցի` Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ 2024 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2023 թվականի համեմատ նվազելով 11,7 տոկոսով:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: