Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2125
A A
Պաշտոնական

Մխիթար Հայրապետյանը Փարիզում քննարկել է կրթական և ինժեներական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ապրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։
 
Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր տեխնոլոգիական կրթության ոլորտում առկա ներուժն ու մարտահրավերները, մասնավորապես շեշտադրվել է նորարարական և կիրառական գիտելիքներին միտված համատեղ կրթական ծրագրերի անհրաժեշտությունը։ Քննարկվել են մի շարք թեմաներ միտված համատեղ ինժեներական նախագծեր, գիտահետազոտական նախաձեռնություններ իրականացնելուն՝ ուղղված տվյալագիտության, արհեստական բանականության, կիբերանվտանգության և կայուն տեխնոլոգիաների ոլորտներում լուծումների մշակմանը։
 
Կարևորվել է նաև արդյունաբերություն-կրթություն կապի խորացումը՝ առաջատար ֆրանսիական ընկերությունների և համալսարանների փորձի ուսումնասիրությամբ։ Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ զարգացնել միջազգային չափանիշներին համահունչ տեխնոլոգիական կրթական միջավայր, որտեղ կապը կրթության, գիտության և արդյունաբերության միջև լինի անքակտելի։
 
Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ ուղղված համատեղ աշխատանքային խմբերի ձևավորմանը, փորձի փոխանակման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հայ ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավմանը միջազգային կրթական նախաձեռնություններում։
 
Հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։