Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0159955
A A
Սպորտ

Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներին են անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Կանցկացվեն 15 հանդիպումներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Կարևորելով 15 տարվա դադարից հետո Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին: «Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։

2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ մեր դպրոցում սովորում են շուրջ 80 սաներ, նրանց մարզում են ճանաչված մարզիչներ: Զարգանում են նաև այս մարզաձևի ենթակառուցվածքները. Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մեր մարզադպրոցում մենք վերջերս նաև նախարարության առաջարկով որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի համապատասխանեցնենք այս մրցաշարին:

Ընդհանուր առմամբ ենթակառուցվածքային այն փոփոխությունները, որոնք արվում են վերջին երեք տարիներին տարբեր մարզաձևերի համար, ստեղծում են հարմարավետ պայմաններ՝ առողջ ապրելակերպի, մարզվելու ու մարզաձևերի զարգացման համար»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: