Բացել լրահոսը Փակել լրահոսը
FFnXw0vHovVkSpSnwZyIovgu5OwKAbGW9vJHCDFU
A A
Քաղաքականություն

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի շտապ քննարկմանը

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինային 2026-2027 թվականների համար Եվրոպական Միության կողմից 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ երեք օրինագծերի շտապ քննարկմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Առաջին օրինագիծը՝ «Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում համագործակցության ընդլայնում» խորագրով, ներկայացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական համաձայնությունը` ամրապնդելու 24 անդամ պետությունների միջև համագործակցությունը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու համար։ Այս շրջանակային օրինագիծը ծառայում է որպես քաղաքական ազդանշան վարկի հատկացման գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ անհրաժեշտ աշխատանքները սկսելու համար: Այն արդեն հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից: Այդ փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

Երկու մյուս օրինագծերը՝ Ուկրաինային 2026 և 2027 թվականների համար վարկ տրամադրելու հարցում ընդլայնված համագործակցության իրականացման մասին կանոնակարգն ու Ուկրաինայի համար հիմնադրամ ստեղծելու մասին 2024/792 կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը վերաբերում են վարկի չափին, մարման պայմաններին, դրա ֆինանսական մեխանիզմներին և գործիքներին, ինչպես նաև Ուկրաինայի պարտավորություններին։

Քանի որ վերջին երկու փաստաթղթերը պահանջում են համապատասխան հանձնաժողովների քննարկում՝ ենթադրելով հնարավոր փոփոխություններ և ԵՄ խորհրդի հաստատում, ապա դրանց վերաբերյալ վերջնական քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում, որն, ինչպես սպասվում է, տեղի կունենա փետրվարի 9-ից 12-ը։