ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի․ նախարարության պարզաբանումը
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունից հայտնում են․
VT Foreign Policy հարթակում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։
Նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումներին։
Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի, և դատավորների նշանակման գործընթացը իրականացվում է բացառապես սահմանադրական և օրենսդրական կարգավորումներով:
Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։
Օրինակ առաջին ատյանի դատավորի ընտրությունն իրականացվում է բազմափուլ, մրցակցային և թափանցիկ ընթացակարգով, որը ներառում է`
թեկնածուների հայտերի ընդունում և ստուգում,
որակավորման գրավոր քննություն համապատասխան մասնագիտացման ոլորտում,
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրում,
հարցազրույց՝ մասնագիտական և անձնական որակների գնահատման նպատակով։
Նշված փուլերի արդյունքների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է հավակնորդների ցուցակ, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ պարտադիր ուսուցման կազմակերպման համար։ Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո թեկնածուները ընդգրկվում են դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում, և միայն այդ ցուցակներում ընդգրկված անձինք կարող են ներկայացվել Հանրապետության նախագահին՝ նշանակման նպատակով։
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ,
Վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում թեկնածուները ներկայացվում են Ազգային ժողովի կողմից՝ ԲԴԽ-ի առաջարկած երեք թեկնածուներից մեկի ընտրության արդյունքում։
Ի գիտություն նշենք, որ դատավորների ընտրության և նշանակման գործընթացը չի կարող ծառայել քաղաքական նպատակներին կամ կապվել ընտրական գործընթացների հետ, իսկ VT Foreign Policy-ի կողմից տարածվող պնդումները տվյալ հարցի վերաբերյալ չեն հիմնվում փաստերի կամ իրավական հարթության վրա և հանդիսանում են ապատեղեկատվություն։