Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000105441
A A
Հասարակություն

ՄԻԵԴ-ը հաղորդակցություն է սկսել, իսկ քննչականը կասեցրել

Քննչական մարմինը որոշել է կարճել բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի գործի վարույթը:

19-ամյա հետախույզ Արթուր Ղազարյանն, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլխուղեղում կայծակնային արագությամբ առաջացած ուռուցքից: Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 4:30-ի սահմաններում ծանր եւ անգիտակից վիճակում ծառայության վայրից Արթուր Ղազարյանին տեղափոխել են Հադրութ քաղաքի բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց ուղղաթիռով Երեւան, այնուհետեւ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում վիրահատել են։ Սակայն կյանքը փրկել չի հաջողվել, դեկտեմբերի 21-ին գրանցվել է նրա մահը:

2011 թ. փետրվարի 23-ին քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով․ «Երբ զինվորի սպանությունց, կամ ինչպես պետությունն է նշում՝ մահանալուց երկու ամիս հետո քննիչը գտել է, որ նրա մահը «ընդամենը» էական վնաս է, եւ պետությունն ի դեմս քննիչի/դատախազի, նույնիսկ չի էլ գտել, որ զինվորի մահը «ծանր հետևանք է», և միևնույն ժամանակ դեպքին տրված իրավական գնահատականը (որակումը) ավելի քան 15 տարի անփոփոխ է մնացել բազմաթիվ օբյեկտիվ փաստերի ճնշման լույսի ներքո, ապա զարմանալի չէ, որ Դուք գտել եք, որ զինվորի մահը նույնիսկ էական վնաս չէ և որևէ հանցանք պարզապես չկա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան, տուժողի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ. հունվարի 16-ին Իրինա Ղազարյանն ընդդեմ Հայաստանի գանգատով սկսել է հաղորդակցությունը կառավարության հետ եւ շատ արագ, ընդամենը 18 օր հետո փակում են գործը։

«Արդյոք սա նշանակում է, որ Դուք եւ կառավարությունը առ եք համարում ՄԻԵԴ առաջարկը կամ Ձեր որոշմամբ ցույց եք տալիս, որ որոշողը Դուք եք, իսկ ՄԻԵԴ-ը իրավունք չունի»,- հարց է բարձրացնում Արայիկ Պապիկյանը։

Արթուր Ղազարյանի սպանության գործը նախկինում էլ է կարճվել, սակայն կրկին վերաբացվել է։ Պաշտպանը հույս ունի, որ այս կարճումը եւս վերաբացվելու է․ «Այդ ժամանակ ոչ միայն քննվելու է Արթուրի սպանության գործը, այլ քննվելու է բոլոր այն անձանց գործողությունները, ովքեր կարճում էին, ավելի ստույգ՝ թաքցնում հանցանքը»,- ասում է տուժողի ներկայացուցիչը։ Նա գործով քննիչին հարց է տալիս՝ ինչպես ստացվեց, որ վարույթը հանձնվեց փաստացի կասեցված, ոչինչ չկատարեցիք, եւ գրեթե ութ ամիս հետո պարզել է, որ «բացակայում է հանցանքը»․

«Եթե 2025 թ. հունիսի 16-ից հետո, երբ Դուք ստանձնեցիք վարույթի քննությունը, որեւէ թուղթ կամ տվյալ վարույթում չի ավելացել, ինչն է ստիպել կամ հուշել, որ հանցանք չկա»,- նշեց պաշտպանը։ Նրա համար նաեւ հարց է, թե ինչու է վարույթի նկատմամբ հսկողությունը իրականացնում է Երևանի կայազորի զինվորական դատախազը, եւ ինչ առնչություն կա Երեւանի կայազորի դատախազի լիազորությունների եւ Հադրութում կատարված զինվորի սպանության միջեւ։

Տուժող կողմը ցավով է նշում, որ իրենք եւ քննչական մարմինը հայտնվել են տարբեր կողմերում, այսպես ասած միմյանց դեմ են պայքարում, թեեւ պետք է հանդես գային նույն դիրքից։