«Արտագաղթի պատուհանը փակվել է»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2025թ իրապես բացառիկ էր»,-Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ամփոփիչ ասուլիսը հիմնավորում է այդ բացառիկությունը։
«2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար»,-ասում է նա։
Նախարարի ներկայացմամբ՝ համաձայն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ 2025-ին Հայաստան է մուտք գործել 5 մլն 201 հազար 747 անձ, իսկ դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ։
«Նշված ցուցանիշները նախորդ տարիների համեմատ բացառիկ են դիտարկվում, քանի որ 2010 թվականից ի վեր, երբ սկսել ենք հաշվարկել ՀՀ քաղաքացիների մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը, առաջին անգամ է, որ ունենք լիովին այլ պատկեր»,- ընդգծեց նա։
Արդյունքում՝ արձանագրվել է սահմանահատման դրական հաշվեկշիռ՝ 30 477։ Առավել հատկանշականը, ըստ Սարգսյանի, ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն է՝ 8660։
«Սա առաջին տարին է, որ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է։ Բացառություն ունեցել ենք միայն 2020-ին՝ քովիդով պայմանավորված, որը պետք է դիտարկել որպես ոչ օրինաչափ իրավիճակ»։
Ըստ նրա՝ «արտագաղթի պատուհանը փակվել է» և ձևավորվել են ներգաղթի միտումներ։ Նրա խոսքով՝ սա վկայում է ներքին անվտանգության մակարդակի, խաղաղության ջանքերի և տարվա ընթացքում արձանագրված այլ փոփոխությունների մասին։
ԵՄ վիզաների ազատականացում և կենսաչափական նոր համակարգ
Մարդկանց շարժունության համատեքստում նախարարն անդրադարձավ նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին։
«Բավականին կարճ ճանապարհ ենք անցել երկխոսության մեկնարկից մինչև գործողությունների ծրագրի հանձնում հայկական կողմին»,- նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր հերթական զեկույց պետք է արձանագրի դրական առաջընթաց ՀՀ-ի համար։
2025-ի առաջնահերթություններից էր նաև կենսաչափական համակարգի ներդրումը պետություն–մասնավոր գործընկերության շրջանակում։ Աշխատում են 7 ոլորտային աշխատանքային խմբեր։
«Անվտանգային բաղադրիչի տեսանկյունից ներգրավված փորձագետները աշխատում են անձը հաստատող փաստաթղթերի նոր ստանդարտի մշակման ուղղությամբ։ Մենք ունենալու ենք այնպիսի փաստաթղթեր, որոնք համահունչ կլինեն ԵՄ 2027 թվականի դիրեկտիվի խմբագրությանը»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ միգրացիոն ոլորտի տեսանկյունից կարևոր է նաև բնակչության պետական ռեգիստրի ամբողջական արդիականացման ծրագիրը. «Մենք փակելու ենք անվերջ մեր քաղաքացիներին տարբեր տեղեկանքներով ծանրաբեռնելու պրակտիկան: Մեր քաղաքացին է լինելու տվյալի հիմնական տնօրինողը, և նա կարող է նույնիսկ հայտ ներկայացնել բնակչության պետական ռեգիստրում իր տվյալի փոփոխության վերաբերյալ»։
Թվային վարորդական վկայականներ և օնլայն առուվաճառք
Հաշվառման-քննական ծառայություններում արդեն ներդրվել են թվային վարորդական վկայականներ և հաշվառման վկայագրեր։
«Պարեկային ծառայությունն այլևս վարչարարություն չի իրականացնում տվյալ վկայագրերը ֆիզիկապես չունենալու համար»,- ասաց նախարարը՝ նշելով նաև քաղաքացիներից ստացած դրական արձագանքների մասին։
Ներդրվել է նաև հիբրիդային հերթագրման նոր ձևաչափ, իսկ տարվա նորարարական նվաճումներից է ամբողջությամբ օնլայն հարթակում տրանսպորտային միջոցների առուվաճառքի հնարավորությունը, որը արժանացել է «Տարվա նորարարական ծրագիր» մրցանակին։
«Մեկ ահազանգ» սկզբունք՝ 112
Փետրվարի 15-ից գործարկվելու է ՆԳ նախարարության նոր օպերատիվ կառավարման կենտրոնը՝ 112 գրասենյակը, որը կմիավորի ոստիկանության և փրկարար ծառայության արձագանքը։
«2027-ին նախատեսում ենք այստեղ միավորել նաև շտապօգնության կանչերը։ Քաղաքացին կունենա մեկ ահազանգի սկզբունքով երեք ծառայությունների մատուցում»։
Ոստիկանության 4-րդ հենասյուն և հանցագործությունների նվազում
Նախարարության 2025 թվականի նպատակներից մեկը եղել է ոստիկանության վերջին՝ 4-րդ հենասյան ձևավորումը:
Նոյեմբերի 1-ին գործարկվել է ոստիկանության գվարդիան՝ որպես հանրային անվտանգության նոր երաշխավոր։ Ներդրվել են ուժի կիրառման նոր ստանդարտներ, իրականացվել են վերապատրաստումներ, որոնք լինելու են շարունակական։
2025-ին՝ 2024-ի համեմատ, հանցագործությունների թիվը նվազել է 3,2 տոկոսով։ Նախարարը նշեց նաև մեթոդաբանական փոփոխությունների մասին՝ շեշտելով, որ դրա շնորհիվ այս տարվա վիճակագրությունը «ռեալ պատկեր» է տալիս։
Հրազենի գործադրմամբ հանցագործությունները աճել են 24 դեպքով, սակայն ավելացել են նաև բացահայտումները։ Ապօրինի հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ։
«Սա նշանակում է, որ մենք ավելի ենք ինտենսիվացրել օպերատիվ աշխատանքով ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը»:
Թմրամիջոցներ՝ 768 կգ առգրավում
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդունվել է նոր ռազմավարություն։ Դեպքերն աճել են 20,4 տոկոսով, հայտնաբերվել է իրացման 243-ով ավելի դեպք։
Ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց՝ 80 տոկոսով ավելի, քան 2024 թվականին․
«Մենք չենք գնացել մանր չափաքանակների հետևից, այլ՝ խոշոր խմբաքանակների»։
Նախարարը շեշտեց պարեկային ծառայության ինտենսիվ աշխատանքի մասին, նշելով, որ նրանց կողմից 2025-ին հայտնաբերել է թմրամիջոցների շրջանառության 2414 դեպք (նախորդ տարվա 1866-ի դիմաց), առգրավվել է շուրջ 32 կգ թմրամիջոց։ Ընդհանուր առմամբ պարեկները բացահայտել են շուրջ 14 800 հանցագործություն՝ 2024-ի 11 000-ի փոխարեն։
ՃՏՊ-ներ՝ 50-ով պակաս զոհ
Նախարարը նշեց, որ չնայած Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվը հասել է մեկ միլիոնի և դրանով պայմանավորված պատահարների թիվը ևս աճել է, զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ՝ նվազել է։
«Անցած տարի ունեցել ենք 50-ով պակաս զոհեր 2024-ի համեմատ»,- նշեց նախարարը՝ շեշտելով նաև վարորդական իրավունքից զրկված 5435 անձանց ցուցանիշը։
«2025-ին պարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ: 2024-ին ևս համանման թիվ ենք ունեցել: Նշեմ, որ այսպիսի խիստ վարչարարության արդյունքում ենք գրանցում զոհերի թվի նվազում»:
Փրկարար ծառայություն՝ 202 փրկված կյանք
Անդրադառնալով փրկարար ծառայության աշխատանքին՝ նախարարը նշեց, որ հաստատվել է փրկարար ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է ակտիվացնել կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքը՝ համայնքներում առաջին արձագանքն ապահովելու համար։
2025-ին փրկարար ծառայության աշխատանքի արդյունքում փրկվել է 202 մարդու կյանք։ «Չնայած արտակարգ իրավիճակների աճին, հատկապես հրդեհներով պայմանավորված, զոհերի թիվը 2024-ի համեմատ նվազել է 19,9 տոկոսով»:
E-gate համակարգ
Նախարարի խոսքով՝ 2026-ը լինելու է թվայնացման տարի միգրացիայի և քաղաքացիության ոլորտում։ Կներդրվի բիոմետրիկ նոր համակարգ, ինչպես նաև սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate համակարգ, որը քաղաքացիներին թույլ կտա «անհպում անցնել սահմանային անցակետերով»։
Սարգսյանը շեշտեց, որ 2026-ին նախարարության խնդիրն է առավելագույնս օգտագործել ձևավորված կառավարման նոր մոդելի պոտենցիալը։
Սեյսմիկ պաշտպանություն՝ ներդրումներ և միջազգային համաժողով
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում նախատեսվում են ներդրումներ՝ սեյսմոգրաֆիկ տվյալների արժանահավատությունը բարձրացնելու նպատակով։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի միջազգային կարևոր համաժողով՝ Գառնիի սեյսմիկ կայանում, որը տարածաշրջանում միակ սերտիֆիկացված կայանն է։
Նախարարի խոսքով՝ սա կարևոր է նաև ՀՀ միջազգային հեղինակության տեսանկյունից։
Կիբերանվտանգության մասով հեռու ենք բավարար գնահատականից
«Մենք գործ ենք ունեցել իրավիճակների հետ, երբ մեր քաղաքացիները ինքնակամ տրամադրել են անձնական տվյալներ՝ դաշտ բացելով զեղծարարների համար»,-ասում է նախարարը։
Կիբերանվտանգության մասով Սարգսյանը խոստովանեց՝ անելիքները շատ են։ «Հեռու ենք արդյունքները նույնիսկ բավարար գնահատելուց»,- ասաց նա՝ նշելով, որ հանցավոր միտումները տեղափոխվում են համացանցային տիրույթ, հաճախ՝ օտարերկրյա պետություններից իրականացվող գործողություններով։
Խնդիրներից մեկը նույնականացումն է և դրանից հետո հետագա գործընթացների ապահովումը։ Այս ուղղությամբ ակտիվացվել են միջազգային համագործակցություններ, հատկապես կրիպտոշրջանառություն ապահովող հարթակների հետ։