Ալիևը բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահը France 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի:
Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը: «Եվ ես էլ ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը: Դա է եղել խոսակցությունը», - պատմել է Ալիևը՝ կրկին ծանր, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ հնչեցնելով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների հասցեին:
«Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր, նրանց հանցագործություններն ապացուցվել են», - ասել է Ալիևը նիստերի մասին, որոնք ընթացել են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների ու լրագրողների, լուսաբանվել են բացառապես պետական լրատվամիջոցով:
France 24-ի լրագրողի դիտարկմանը, թե Ալիևը կարող է քայլ անել, ներում շնորհել նրանց և թերթել այդ էջը, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ: Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Նյուրնբերգյան դատավարությունից երկու ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին: Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ: Նրանց հանցանքներն ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:
Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով. «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»: