Դատարանը 6 տարի անց Գագիկ Ծառուկյանին անմեղ է ճանաչել ընտրակաշառքի գործով
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է գործարար, « Առաջ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով վճիռը։ Դատարանը 6 տարի անց արդարացրել է Գագիկ Ծառուկյանին՝ նրան ճանաչելով անմեղ, իսկ Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ։
«Ճանաչել և հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով։ Մեղադրյալ Սեդրակ Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ»,- ասել է դատավորը։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված Ազգային ժողովի ընտրություններին։ Ըստ մեղադրանքի՝ ընտրողներին ենթադրաբար կաշառք է տրվել կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Գործով մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք տալու հոդվածով։
Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։