Ոչ թե գնահատել տուժողին հատուցելը, այլ վերսոցիալականացումը.ՀՔԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀՔԱՎ- ի դիրքորոշումը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ
ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հրապարակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնց վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացնում է իր դիրքորոշումն ու առաջարկությունները։
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագծով առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ «տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը», ինչպես նաև լրացնել 2.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի գնահատման հիմքում չի կարող դրվել միայն տուժողին պատճառված իրական վնասը չհատուցելու կամ այլ կերպ չհարթելու հանգամանքը։ Այդ դեպքում դատարանը կայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում՝ դատապարտյալի վրա դնելով տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն»։
Կազմակերպությունը, իր կողմից վարած պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարույթներով, բազմիցս բախվել է այն իրավիճակին, երբ փաստացի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդության մերժման հիմք է հանդիսացել տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականությունը չկատարելու կամ մասամբ կատարելու հանգամանքը։
Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն ունի իր տրամաբանական հիմնավորումը, համաձայն որի ազատման հիմք է հանդիսանում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձի դրսևորած պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր գնահատումը։
Վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը, կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցությունը (եթե առկա է եղել նման հնարավորություն), աշխատելը (եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով), ինչպես նաև դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ։
Արդյունքում, Նախագծով վարքագծի գնահատման չափանիշների շարքին ավելացվում է նաև տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, որը չի կարող դիտարկվել որպես անձի վերասոցիալականացմանը նպաստող միջոց։ Պատժի կրման նպատակը ազատազրկված անձին իր վարքով այնպիսի շեմի հասցնելն է, որով նա կհամարվի վերասոցիալականացված և միաժամանակ հնարավոր կլինի փաստել, որ նրա կողմից կրկնահանցագործության կամ այլ հակաիրավական գործողությունների կատարման հավանականությունը նվազագույն է։
Տուժողին պատճառված վնասի հատուցումը քաղաքացիաիրավական պահանջ է, որն ուղղված է մեղադրյալին, մինչդեռ պատժի նշանակումը քրեաիրավական մեխանիզմ է, որը միտված է հանցանքի համար պատասխանատվության իրականացմանը և անձի վերասոցիալականացմանը։
Այսպիսով, խոսքը վերաբերվում է երկու տարբեր իրավական մեխանիզմների, որոնք ենթակա են առանձին կարգավորման և կատարման։ Ավելին, եթե պատժի կատարումն ու վերահսկումն իրականացվում են ՀՀ քրեակատարողական ծառայության կողմից, ապա վնասի հատուցումը ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից։
Վերոնշյալից հետևում է, որ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում անձի նկատմամբ շարունակում է գործել տուժողին պատճառված վնասը հատուցելու պարտականությունը, որը գործող օրենսդրությամբ ենթակա չէ անվավեր ճանաչման կամ վերացման։
Արդյունքում արձանագրում ենք, որ անձը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, ավելին փորձաշրջանում գտնվելու ընթացքում կարող է աշխատել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված վնասը քան այն կհատուցվեր կամ կհարթվեր անազտության պայմաններում։
Առաջարկում ենք, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման որպես դատապարտյալի պատշաճ վարքագիծ չգնահատել տուժողին պատճառված իրական վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, այլ հաշվի առնել վերսոցիալականացումը։