Կայացել է «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացել է «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը, որը կազմված էր ամբողջ հանրապետությունը ներկայացնող 120 պատվիրակից։
Քննարկվել են Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, վեր են հանվել ծառացած մարտահրավերները, ընտրվել է նոր ղեկավար կազմ, ընդունել է բանաձև, որն ընդգծում է «Ժառանգության» դիրքորոշումները քաղաքական իրադրության և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«Այսօր մենք հավաքվել ենք արդի հայոց պատմության ամենաօրհասական պահին՝ կապիտուլյացիայի և վերածննդի, հպատակեցման և ինքնիշխանության, ճակատագրապաշտության և քաղաքացիական ու ազգային իրավունքների սահմանադրական իրացման այս խաչմերուկում»,- ասել է ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Համագումարի պատվիրակներն Անդրանիկ Գրիգորյանին վերընտրել են կուսակցության վարչության նախագահ, ընդունվել է «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի վանաձևը, հաստատվել են կանոնադրական փոփոխությունները։ Համագումարի աշխատանքներում ընդգծվել է «Ժառանգության» դերը ազգային կարևորագույն առաջնահերթություններում և հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում։
Վարչության նոր ընտրված անդամներն են՝ Տաթևիկ Գամաղելյանը (Երևան), Հասմիկ Պետրոսյանը (Գյումրի), Ստեփան Վարդանյանը (Գյումրի), Վահագն Բայրամյանը (Երևան), Վանիկ Ալեքսանյանը (Երևան), Գագիկ Մարգարյանը (Արմավիր), Դավիթ Գրիգորյանը (Երևան) և Րաֆֆի Հովհաննիսյանը։