Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ու Բանգոն շնորհավորել է Աբրահամյանին

Պաշտոնական
41bad0bbb7765c908c514c6eb9e50824

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի շնորհավորական ուղերձը` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Դեսպանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին ավելի կամրապնդվեն եւ կզարգանան հայ-չինական հարաբերությունները, կակտիվանա միջխորհրդարանական գործակցությունը: Դեսպանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը եւ ԱԺ նախագահին հայ-չինական 20-ամյա հարաբերությունների մասին պատմող գիրք նվիրեց:


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր ոլորտներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության ամրապնդմանն ու երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը»,-ասաց ԱԺ նախագահը:

Պարոն Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց` առավելագույնս նպաստելու հայ-չինական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։