ԱԺ-ում գերմանական ամիս է
Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։
Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, եւ նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում:
Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ Թիրզեի այցը Հայաստան, որի առիթը Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է, նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական կապերին, իսկ դրանց հիմքում առաջնային կլինի Ազգային ժողով-Բունդեսթագ փոխգործակցությունը:
Արտակ Դավթյանը գերմանացի հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը հայտարարված է Գերմանիայի ամիս, որը կնշանավորվի մի շարք միջոցառումներով: