Ջուրը տեղ կհասնի
Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը՝ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Շուրջ 500 տարի առաջ հիմնված այս սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում:
50-ական թվերին կառուցված եւ արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ կորուստ եւ, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում:
Ծրագրի շրջանակներում երկու ջրամբարներից մեկը վերակառուցվել է, մյուսը` վերանորգվել:
Վերակառուցվել է նաեւ գյուղից շուրջ 4կմ հեռու գտնվող ջրաղբյուրը, որի շնորհիվ նվազել է ջրի կորուստն ու մեծացել ջրաքանակը: Գյուղի` զարգացման առավել մեծ հեռանկար ունեցող թաղամասում անցկացվել է ջրագիծ, որն արդեն ունի կանոնավոր ջրամատակարարում:
Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը։