Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիշարյանը խոչնդոտեց Ալիեւի խնդրանքին

Պաշտոնական
49659ba7ddd36fd8ad5cd78693104e1e

Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամները հանդիպել են լրագրողներին։

Վեհաժողովում, որին մասնակցել է շուրջ 2000 պատվիրակ 130 երկրների խորհրդարաններից, քննարկվել են «Քաղաքացիությունը, ինքնությունը, լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում» եւ «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» հարցերը:

Առաջին հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Հեղինե Բիշարյանը եւ անդրադարձել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ի. Ալիեւի ելույթին, որում վերջինս գովաբանել է Ադրբեջանի վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ հայտարարել, թե Ադրբեջանում ապրում է 30 հազար հայ, իսկ երկրի 20 տոկոսն էլ գրավել են հայկական ուժերը:

Հայկական պատվիրակության անդան Հեղինե Բիշարյանը վեհաժողովի մասնակիցներին տեղեկացրել է այդ երկրի վարած քաղաքականության, Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման, վերջինիս կողմից ոճրագործին հերոսացման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սփյուռքի մեր հայրենակիցների մասին:

Հեղինե Բիշարյանը նշել է, որ իր ելույթից հետո իրեն է մոտեցել Հունգարիայի պատվիրակության անդամ ընդդիմադիր պատգամավորը եւ ներողություն խնդրելով հունգար ժողովրդի անունից՝ տեղեկացրել, որ իրենց պատվիրակության ղեկավարը ցանկություն ունի հանդիպելու հայկական պատվիրակության հետ:


Կայացած հանդիպման ժամանակ հունգարական պատվիրակության ղեկավար Լասլո Հորվաթը, ով երկու տարի առաջ հյուրընկալվել էր Հայաստանում, նույնպես ներողություն է խնդրել մարդասպանի արտահանձնման համար եւ առաջարկել, որ պատգամավորների փոխայցելությունների մակարդակով փորձեն վերականգնել Հունգարիայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները: Այս հարցի առնչությամբ պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը նկատել է, որ սառեցված դիվանագիտական հարաբերությունների վերականգնում դեռեւս չի նախատեսվում, քանի որ այն իր ընթացակարգերն ունի:
Պատվիրակության անդամները տեղեկացրեցին, որ հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը Միջխորհրդարանական միության կազմում գործող վեց աշխարհաքաղաքական խմբերից մեկի՝ Եվրասիայի ներկայացմամբ ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամ եւ Միության փոխնախագահ:

Գործադիր կոմիտեի նիստում մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրավոր խնդրանքը՝ 2014 թվականին Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովն իրենց երկրում անցկացնելու մասին: Մերժմանը, ըստ հայկական պատվիրակության անդամների, նպաստել է նաեւ մեր պատգամավորի ելույթը, որում ներկայացվել են տարածաշրջանային խնդիրներն ու Ադրբեջանի վարած իրական քաղաքականությունը:

Այս մասին հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։