Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԸ ԱՌԱՋԻՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Մարզեր

Շիրակի մարզում լուրջ խնդիրներ կան կապված հրշեջ եւ քաղպաշտպանության ծառայությունների շենքային պայմանների հետ։ Անմխիթար վիճակում են գտնվում նաեւ այդ ծառայությունների տեխսարքավորումները։ Մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանը նշեց, որ կառավարությունը տեղյակ է խնդրին եւ դրական է տրամադրված այդ նպատակով գումարների հատկացման հարցին։

Ըստ նրա, հատկացվող գումարները, սակայն, դժվար թե բավականացնեն նոր մասնաշենք կառուցելու համար, ուստի մնում է, որ տեղի իշխանությունները որեւէ հին շինություն տրամադրեն, որն էլ ամրացնելուց եւ վերականգնելուց հետո կհանձնվի հրշեջ ծառայությանը։

Իսկ ահա տեխնիկապես հագեցվածության հարցը առավել լուրջ է։ 15 տարուց ավելի է, ինչ հրշեջ ծառայությունը նոր մեքենաներով չի համալրվել։ Այս մասին եւս արտակարգ իրավիճակների վարչությունը դիմել է կառավարություն։ Ըստ ԱԻՎ պետի, առաջին իսկ հնարավորության դեպքում գումարները հատկացվելու են Շիրակի մարզին. «Յուրաքանչյուր տարի փորձելու ենք 15-20 տոկոսով թարմացնել մեքենասարքավորումները»։

Այս մասին մեզ տեղեկացնում են Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները: