ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրված ասուլիսում նշել է, որ այսօր մարզի գրեթե բոլոր ոլորտներում առկա են լուրջ խնդիրներ: Սակայն լրագրողների հետ մարզպետը գերադասեց խոսել միայն կատարած դրական աշխատանքների մասին` հույս հայտնելով, որ դժվարությունները կհաղթահարվեն համատեղ, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ։
Մարզի առաջնային խնդիրներից մեկը արդյունաբերության ոլորտի զարգացումն է։ Այս ուղղությամբ, Ռոմիկ Մանուկյանի հավաստամամբ, կատարվում են դրական տեղաշարժեր։ Փորձում են ներդրողներին ներկայացնել ոլորտի իրական վիճակն ու առկա հնարավորությունները։
Մարզպետը գտնում է, որ «Հայ Քարհատ մեքենա» արտադրական ձեռնարկությունը ունի լուրջ հեռանկարներ։ Կան պատվերներ Պարսկաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Իսկ Ապակու գործարանով հետաքրքրված են գերմանական ընկերությունները։ Ներկայումս գործընթացը բանակցային փուլում է։ Ինչ վերաբերում է Շաքարի գործարանին, ապա մարզային իշխանությունները աշխատում են գտնել լուրջ ներդրողներ։
Անդրադառնալով բնակարանային շինարարությանը, Ռոմիկ Մանուկյանը նշեց, թե ընդհանուր առմամբ հստակեցվել է պետության առջեւ դրված խնդիրը։ Աշխատելով բնակբաշխման գործընթացին աջակցող հանրապետական հանձնաժողովի հետ ճշգրտվել է անօթեւան ընտանիքների թիվը` 1500։ Ըստ մարզպետի, հերթացուցակների վերջնական ճշգրտման արդյունքում այդ թիվը կկազմի 2500։