ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
14 հունիսի, Գյումրի, «Ցայգ» հեռուստաընկերություն։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անրադառնալով մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ առաջացած անհամաձայնությանը, Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը նշեց, թե մարզպետարանը ընդամենը կատարում է բնակարանների բաշխման հետ կապված կառավարության որոշումը. «Եթե խնդիրներ կան կառավարության որոշման հետ, ապա այն պետք է քննարկվի։ Իսկ եթե կա կառավարության որոշում, մարզպետարանը պետք է իրականացնի այն»։ Մարզպետը գտնում է նաեւ, որ պաշտոնյաների եւ պետական մարմինների միջեւ առաջացած խնդիրը պետք է լուծվի օրենքի սահմաններում։
Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ իր պաշտոնավարման շրջանում մարզպետարանում կադրային փոփոխություններ չեն եղել։ Կատարվել են միայն դպրոցների տնօրենների նշանակումներ, որոնցից երկուսը դաշնակցականներ են։Նոր տնօրենների դաշնակցական լինելու հանգամանքը դաշնակցական մարզպետը բնական է համարում, քանի որ այդ կուսակցությունը իշխող կոալիցիայի անդամ է. «Այսօր պետությունը կառավարվում է կոալիցիոն ուժերով, եւ բնական է` ինչ-որ տեղ մենք պետք է առաջնությունը տանք կոալիցիայի ներկայացուցիչներին»։