Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԵՎ ԴԵՌ ԿՊԱՏԺԵՆ

Սպորտ

Տեղի ունեցավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը: «Դինամո-Զենիթ» - «Կոտայք» խաղի ժամանակ մրցավարին հայհոյելու եւ ձեռքով հարվածելու համար «Կոտայք» թիմի ֆուտբոլիստ Գագիկ Սուքիասյանը որակազրկվել է 4 խաղով, «Կոտայք» ակումբը տուգանվել 100 000 դրամով:

«Արարատ» - «Շիրակ» խաղի ժամանակ մրցավարին հայհոյելու համար «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Բարիկյանը որակազրկվել է 5 խաղով, «Շիրակ» ակումբը տուգանվել 150 000 դրամով:

Կարելի է ասել` կարգապահական կոմիտեն ներել է այս ֆուտբոլիստներին, որոնք աչքի էին ընկել իրենց անվայել պահվածքով: Մրցավարների նկատմամաբ նման վատ վերաբերմունքի համար Սուքիասյանի եւ Բարիկյանի նկատմամբ ՀՖՖ- կարող էր ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել, բայց հուսանք, որ նման տհաճ պատահարները այլեւս չեն կրկնվի Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ:

P.S. Ի դեպ անկարգություններ են տեղի ունենում նաեւ ֆուտզալի առաջնության ժամանակ:

Հունիսի 19-ին կայացած «Թալ Գրիգ» - «Փյունիկ» խաղի առաջին խաղակեսի վերջնամասում «Թալ Գրիգ» թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը պահեստային խաղացողների հետ միասին, իրենց անհամաձայնությունն արտահայտելով խաղը վարող մրցավարներ Ժան Ավետիսյանի ու Հովհաննես Փլավչյանի որոշման հետ, մտել են խաղադաշտ, անվայել ու սպառնալից արտահայտություններ արել մրցավարների հասցեին, միաժամանակ անկարգությունների առիթ հանդիսանալով տրիբունաներում:

Այս ամենի պատճառով խաղը դադարեցվել է մոտ տասը րոպե:

Իրենց անվայել պահվածքով աչքի են ընկել նաեւ խաղին հետեւող հանդիսականները՝ շշեր եւ այլ իրեր նետելով խաղադաշտ:

«Թալ Գրիգի» ղեկավարության ու խաղացողների վարքագծի հարցը դրված է կարգապահական կոմիտեի քննարկմանը: