Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ԹԵԺ ԱՄԱՌ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Սպորտ

Ընդամենը 13 օրից մեկնարկում են Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունների որակավորման փուլերի հանդիպումները, որոնց կմասնակցեն հայկական 4 ակումբ: «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում կմրցի մակեդոնական «Պոբեդայի», «Բանանցը» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում ուկրաինական «Իլիչեւեցի», «Շիրակը» մոլդովական «Տիրասպոլի», իսկ «Միկան» հունգարական «Հոնվեդի» հետ:

Մրցակիցները եվրոպական գրանդ ակումբներ չեն, սակայն նրանք արգելքները հաղթահարելու համար մեր թիմերին հարկավոր է նոր ֆուտբոլիստներ հրավիրել, որոնք իրոք կկարողանան ուժեղացնել ակումբների կազմերը:

Առայժմ իր կազմը համալրում է միայն «Փյունիկը»: Շուտով այս թիմում հանդես կգա Հայաստանի հավաքականի փորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանը: «Պոբեդայի» հետ հանդիպումներին կմասնակցի հավաքականի մեկ այլ առաջատար ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը: Հավանաբար «Փյունիկում» խաղան նաեւ երկվորյակ եղբայրներ Արման եւ Արտավազդ Քարամյանները:

Շվեյցարիայում փորձաշրջան անցնելուց հետո կրկին «Փյունիկ» է վերադարձել Կարեն Ալեքսանյանը: Սպասվում է, որ Հայաստանի չեմպիոնի կազմում փորձաշրջան կանցնի կամերունցի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Իսպանիայի առաջնությունում: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա «Փյունիկը» բավականին ուժեղ կազմով հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:

Իսկ ահա մյուս ակումբներում նոր անուններ դեռ չկան: «Միկան» փորձելու է սեփական ուժերով հանդես գալ, սակայն բացառված չէ, որ մեկ-երկու ֆուտբոլիստներ հրավիրվեն հայկական մյուս ակումբներից: Նման համալրում է սպասվում նաեւ «Շիրակին» եւ «Բանանցին»: Վերջինիս կազմ է կրկին վերադարձել հարձակվող Արամ Հակոբյանը, որը վարձավճարով հանդես էր գալիս Ուկրաինական «Ստալ» թիմում: