Բողոքի ակցիա Ֆինանսների նախարարության դիմաց (տեսանյութ)
Այս պահին Ֆինանսների նախարարության մոտ Դավիթաշեն 2րդ թաղամասի նորակառույց շենքի մեկ տասնյակից ավելի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում են հանդիպում նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանի հետ։
Բնակիչների խոսքերով՝ 7 տարի առաջ նրանք պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ եւ բնակարաններ են ձեռք բերել վերջինիս կառուցած շենքում։ Նրանք, սակայն 2 շաբաթ առաջ պարզել են, որ շենքը գրավի տակ է «Արցախ» բանկում։ Եվ այս պահին շենքի շինարարությունը դադարեցված է:
«Ա1+»-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Անուշ Թունյանն ասաց, որ բացի ֆինանսների նախարարի հետ հանդիպումից, նրանք պահանջում են նաեւ քառակողմ հանդիպում՝ կառավարության ներկայացուցիչների, մի խումբ բնակիչների, Տոնուս ընկերության եւ «Արցախ» բանկի ներկայացուցչի հետ. «Մենք ֆինանսների նախարարության մոտ ենք, որովհետեւ մեր հարցը այս պահի դրությամբ ֆինանսական է։ «Արցախ» բանկի հավաստմամբ՝ մեր ֆինանսական փաստաթղթերում անճշտություն կա, սակայն ես վստահեցնում եմ 150-ից ավել բնակիչները՝ բոլորը, վճարումներ կատարել են եւ ունեն բոլոր փաստաթղթերը, բացի սեփականության վկայականից»։
Բնակիչների խոսքերով շենքում բնակարաններ են ձեռք բերել պաշտոնյաներ, ովքեր ստացել են բնակարանների սեփականության վկայականը։
Ըստ բնակիչների Տոնուս ընկերությունը պատկանում է ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին։
Բնակիչներից մեկը, քիչ առաջ դուրս եկավ նախարարությունից։ Նրան հայտնել են , որ ֆինանսների նախարարը դեռ չի եկել աշխատանքի։
Դրանից հետո նախարարությունից դուրս եկած ոստիկանները բնակիչներին հայտնեցին, որ նախարարը այստեղ չէ, բնակիչները բողոքի ալիք բարձրացրեցին, ասելով, որ իրենց խաբել են, քանի որ նրանք նախապես պայմանավորվածություն ունեին հանդիպել նախարար Սարգսյանի հետ։
Քիչ ավելի ուշ ոստիկանության աշխատակիցը հայտնեց բնակիչներին, որ շուտով պարզ կլինի , թե նրանց հետ ով է հանդիպելու։