Արևային էներգիայի և Գորբաչովի փողերի մասին
Գազի թանկացումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, այդ իսկ պատճառով էլ գիտնականները համոզված են, որ հիմա ճիշտ ժամանակն է անցնելու էներգիայի այլընտրանքային տարբերակին` արևային էներգիային: Հելիոֆիկացման ծրագրի ղեկավար, գիտնական Վահան Համազասպյանը վստահ է, որ արևային էներգիայի օգտագործման հաշվին յուրաքանչյուր ընտանիք կխնայի 11 հազար խ/մ գազ, ինչպես նաև կբացվեն 400-800 հազար աշխատատեղեր:
«Եթե Հայաստանում կիրառվի Հելիոֆիկացիայի ծրագիրը, յուրաքանչյուր 20 կիլովատ հզորության արևային սարքը հավասարազոր է այսօրվա հինգ ատոմակայանի տված էներգաբլոկին և կարժենա ընդամենը 700 մլն. դոլար, այնինչ մեկ ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու համար անհրաժեշտ է հինգ-վեց մլրդ դոլար, որը ոչ մի ձև չեն կարողանում գտնել»,- ասաց ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը:
Գիտնականն ասում է` այս ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրումներ են հարկավոր, իսկ իշխանություններից խնդրում է միայն չխանգարել իրենց օտարերկրյա ներդրողներին Հայաստան բերելու հարցում. «Երկու տարի առաջ Գորբաչովը խոստացավ իր «Կանաչ խաչ» միության գումարներով Սպիտակում կառուցել հելիոտեխնիկական սարքերի գործարան, բայց ինձ զգուշացրեցին, որ այստեղ մինչև նախագահականից թույլատվություն չլինի, Գորբաչովի փողերը Հայաստան չեն կարող մտնել»,- ասաց գիտնականը:
Վահան Համազասպյանը վստահ է, որ եթե իրականություն դառնա իր կողմից մշակված ծրագիրը, ապա դա կվնասի գազ և այլ էներգակիրներ Հայաստան մատակարարողների շահերը, հենց այդ պատճառով էլ իրենց ծրագիրը պետության կողմից արձագանք չի ունենում:
«Իշխանությունների և օլիգարխների հետ գիտնականների բիզնես կոնտակտը չի ստացվում մի պատճառով` իրենք մեզ գնահատում են մեր գրպանի պարունակությամբ, որը դատարկ է, իսկ մենք նրանց` իրենց գլխի պարունակությամբ. իրենք չեն կարող հասկանալ արևային տեխնիկայի զարգացման և' գաղափարը, և' հեռանկարը»,- ասաց գիտնականը: