«Բաղդասար ախպարն» առաջին անգամ որպես օպերետ
Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում մայիսի 22-ին տեղի կունենա «Բաղդասար ախպար» օպերետի պրեմիերան:
Հակոբ Պարոնյանի այս պիեսն առաջին անգամ է բեմադրվում որպես օպերետ:
«Ներկայացումը նվիրված է Պարոնյանի 170-ամյակին: Ներկայացման նորարարությունն այն է, որ այն ամբողջապես դասական է, իսկ այսօր դասականը ես համարում եմ ամենամեծ նորարարությունը: «Բաղդասար ախպարը» իրավունք չունի իր մեջ ունենալ այնպիսի էլեմենտներ, որոնք կարող են ժամանակի ընթացքում վերանալ» ,- ասաց օպերետի երաժշտության և բեմադրության բեմադրիչ Հրանտ Աղաջանյանը:
Բեմադրիչն ասում է` օպերետային ժանրը Հայաստանում շատ քիչ է օգտագործվում: Այս ժանրը բարդ է այնքանով, որ դերասաններից պահանջվում է ինչպես դերասանական մեծ վարպետություն, այնպես էլ ձայնային հրաշալի տվյալներ: Պիեսի գլխավոր հերոսներից մեկի` Անուշի դերակատարը Լեյլա Սարիբեկյանն է, ով առաջին անգամ է հանդիսատեսին ներկայանալու որպես դերասան: Ներկայացումը ֆինանսավորել է Ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը. Պատճառները մի քանիսն են: «Ներկայացման գաղափարն ինձ շատ դուր եկավ: Բացի այդ ներկայացումը արևմտահայերեն է, իսկ Հայաստանում այսօր մի քանի հազար սիրահարներ են բնակվում, որոնց անխոս ներկայացումը դուր կգա»,- ասաց պարոն Հովնանյանը:
Դերասանները որոշել են` օպերետի հաջողության դեպքում ողջ հասույթով կաջակցեն այլ դերասանների և նոր ներկայացումների բեմադրություններին: