Նրանց համարում են կորած մարդիկ (տեսանյութ)
Օրենքի այն կետը, ըստ որի ցմահ դատապարտյալները պատժի 20 տարին կրելուց հետո կարող են դիմել վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից օգտվելու համար, ձեւական բնույթ է կրում։ Այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
«Հասարակության մեջ եւ հատկապես իշխանության վերաբերմունքը մասնավորապես ցմահ ազատազրկվածների նկատմամբ անմարդկային են եւ իշխանությունները նրանց համարում են կորած մարդիկ»,- նշեց իրավապաշտպանը։
Այսօր Հայաստանում 104 ցմահ բանտարկյալ կա։ Նրանցից 3-ը հատել են պայմանական վաղաժամկետ ազատվելու համար դիմելու շեմը, սակայն հանձնաժողովը 2-ի դիմումը մերժել է, իսկ մեկինը՝ հետաձգել։
Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեժլումյանին զարմացնում է դիմումը հետաձգման պատճառը. ցմահ դատապարտյալը տուժողի կողմին չի վճարել անհրաժեշտ գումարը։
«Եթե ոչ 24, ապա 23 ժամ նրանք փակված են։ Նրանք չեն կաորղ վերադարձնել պարտքը, նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ է համակարգիչը։ «Նուբարաշեն» ՔՀԿ-ում 3 ուսանողներ կան, որոնք օրեկան 2 ժամով կարողանում են օգտվել համակարգչից։ Այդ համակարգիչներն էլ բերվել են դրսից»,- նշեց նա։
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցն էլ ավելացրեց, որ խնդրի վերաբերյալ պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ։ Պաշտպանը առաջարկել էր այս դրույթը, որ այն անձինք, ովքեր հանցագործությունը կատարել են 18-ից 25 տարեկանում, չեն կարող ցմահ դատապարտվել։
ԱԺ-ն, սակայն հարցի քննարկումը հետաձգել է մինչեւ 2014 թ-ը։ Քանի որ Արդարադատության նախարարությունը հայեցակարգ է մշակում։
Ավետիք Իշխանյանը նշում է, որ երբ ԱԺ-ի խմբակցությունների հետ հարցը քննարկվել է, որեւէ մեկը դեմ չի եղել. «Դա կարող էր ընդունվել եւ հետո նոր «Քրեական օրենսգիրք»-ը փոփոխվեր, այնտեղ մարդկանց ճակատագրեր են, եւ այստեղ տեղի ունեցավ քաղաքական խնդիր։ Նախաձեռնության քննարկումը հետաձգվեց, քանի որ ներկայացրին ԲՀԿ -ի պատգամավորները, միգուցե միասին ներկայացնեին, չմերժվեր»։
Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ այսօր միակ մեծ խնդիրն այն է, որ դատարանները երբեք չեն ընդունում իրենց սխալները եւ բացառում են դրանք։ Իսկ երկրում արդարացման դատավճիռները կազմում են 1 տոկոս։