Բիոզուգարանների հարցը՝ կառավարության նիստում
Կառավարության այսօրվա նիստում բարձրացվեց բիոզուգարանների հարցը։ Վերահսկիչ պալատը ներկայացրել է իր 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների աշխատանքներին, այդ թվում նաև Էկոնոմիկայի նախարարության, որտեղ թերություններ են նկատվել բիոզուգարանների հետ կապված։
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը, անդրադառնալով իր ոլորտում Վերահսկիչ պալատի արձանագրած թերություններին, խոսեց Հայաստանում գործող երկու բիոզուգարանների մասին:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ երկու բիոզուգարաններից՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում գտնվողը գործում է, իսկ ահա Տաթեւի ճոպանուղու մոտ տեղադրվածը՝ ոչ, տեխնիկական պատճառներով։
«Պետք է նշեմ, որ զուգարանների օպերատիվ խնդիրը Էկոնոմիկայի նախարարության համակարգում չի գտնվում, մենք ընդամենը տվյալ դեպքում հանդիսանում ենք մարմին, որը պետք է հետևի, թե ինչպես է իրականացվում ծրագիրը»,-ասաց նախարար Վահրամ Ավանեսյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը միջամտեց և հարց ուղղեց նախարարին, թե որն է խնդիրը։
«Խնդիրը հետևյալն է, պարոն վարչապետ, ծախսը գնահատվում է անարդյունավետ: Անարդյունավետության տեսանկյունից մի բան ակնհայտ է, որ զուգարանը չի աշխատում, պետք է աշխատի, անսարքությունը փող արժի և մրցունակության հիմնադրամն այժմ զբաղվում է, որ անսարքությունը վերացնի, մյուս կողմից՝ նման զուգարանների գնումը թե պետք էր, թե պետք չէր: Դա խնդիր է, որը մենք կարող ենք ասել, որ եթե կառավարությունը որոշում է, որ նման ծրագիր պետք է իրականացվի, այնուհետև այն գնահատել անարդյունավետ, անհասկանալի է»,-նշեց Վահրամ Ավանեսյանը:
Տիգրան Սարգսյանը նախարարին հանձնարարեց հարցը քննարկել նախարարությունում:
Հիշեցնենք, որ երկու բիոզուգարանները Հայաստան են ներկրվել 2012թ. ընդհանուր առմամբ 124 մլն դրամ արժեքով:
Զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով, վճարը՝ 200 դրամ: