Բնապահպանները կփորձեն հանդիպել արքայազնին
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն մի քանի անդամ հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության պաշտոնյաների հետ, ովքեր հավաստիացրել են, որ Ուեյլսի արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան մասնավոր է և որևէ առնչություն չունի Ամուլսարի հանքի հետ:
Այցը կազմակերպում է Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայում՝ Լիդիան ինթերնեշընլի կառավարիչների խորհդրի անդամ Արմեն Սարգսյանը, ով մասնավոր կապեր ունի արքայազնի հետ:
«Այս հավաստիացումներն ընդունում ենք որպես ի գիտություն, սակայն ցանկանում ենք օգտվել այն առիթից, որ արքայազն Չարլզը զբաղվում է բնապահպանական բարեգործությամբ և վարում բնապահպանական գործունեություն, ուստի նրա այցելության ժամանակ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով նրան հասանելի դարձնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված բնապահպանական, ինչպես նաև սոցիալական խնդիրները»,- Ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Լենա Նազարյանը։
Ըստ բնապահպանների՝ ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված կան բազմաթիվ օրենսդրական խախտումներ: Մասնավորապես՝
1. Ջերմուկի հանրությանը հնարավորություն չեն տվել արտահայտելու իրենց կարծիքը հանքարդյունաբերական այդ ծրագրի հետ և բավարարվել են երեք գյուղերում անցկացված ֆիկտիվ լսումներով:
2. Ամուլսարի տարածքը մտնում է ՀՀ կառավարության կողմից նախագծված Ջերմուկ ազգային պարկի տարածքում, որի սահմանգծման, հաստատման և կառավարման համար մինչև 2008թ. բյուջեից և միջազգային կազմակերպություններից գումարներ են հատկացվել: 2008թ. այն կդառնար ազգային պարկ, եթե կառավարությունը հերթական անգամ չծախվեր և չծախեր մեր ընդերքը անգլիական անունով, հայկական բաղադրիչներ ունեցող հանքափոր հերթական ընկերությանը: