ԱՄՆ-ն մեզ միայն սովից չէր փրկում (տեսանյութ)
«Հետքերով որբերի հայոց» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը ՀՀ եւ ԱՄՆ պատմությունն է: Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների ցուցասրահում այսօր բացված լուսանկարների ցուցահանդեսին հայտարարեց ՀՀ_ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանն Ջոն Հեֆերնը` 1915թ. Հայոց Մեծ Եղեռնը գնահատելով որպես 20-րդ դարասկզբի խոշորագույն, վատթարագույն ոճրագործություններից մեկը:
Այս ցուցահանդեսը բացվել է Նարեկացի արվեստի միության, Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով: Ցուցահանդեսը ներկայացնում է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ վայրագություններից հետո 100 հազարավոր հայ որբերի կյանքը փրկած ամերիկյան մարդասիրական առաքելության` Մերձավոր Արեւելքի հիմնադրամի պատմությունը:
Ըստ ԱՄՆ դեսպանի` այս ցուցահանդեսը նաեւ հաղթանակի մասին է. «ԱՄՆ պատմության մեջ այս դրվագը ներկայանում է որպես ԱՄՆ ժողովրդի ու կառավարության առաջին համատեղ ջանքը ուղղված միջազգային մարդասիրական առաքելության իրականացմանը: Սա նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների առաջին էջն է»:
Իսկ ցուցահանդեսի կազմակերպիչներից «Նարեկացի արվեստի միություն» հիմնադրամի ղեկավար Նարեկ Հարությունյանի գնահատմամբ` սա ամերիկյան առատաձեռնության եւ հայկական տոկունության համադրությունն է:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, նախարարությունների ներկայացուցիչներ. բազմաթիվ արվեստագետներ:
Ի դեպ, պատգամավորները դահլիճում նստած էին առանձին-առանձին, իսկ Խաչատուր Քոքոբելյանը նստած էր «Հայաստանի հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանի կողքին:
Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշեց. «Իհարկե, մենք շատ ցավալի ցուցահանդեսի ականատեսը եղանք, որը հիշեցնում էր մեր ողբերգությունը, որը երբեք մենք չենք մոռանա: Այլեւս էլ ինչ է պետք երկրներին, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը ու չեն դատապարտում: Մենք շնորհակալ ենք Ամերիկայի ժողովրդին` 1915-1930-ական թթ., որ ամեն ինչ արել են, օգնել են, ձեռք են մեկնել մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, 132 հազար երեխաներին, որոնք կարողացել են իրենց կյանքը կառուցել ԱՄՆ-ում»:
Եզրափակելով իր խոսքը ԱԺ նախագահն ընդգծեց. «Մենք եւս մեկ անգամ շնորհակալ ենք Ամերիկայի ժողովրդին ու իշխանություններին, այսօր էլ է ԱՄՆ-ն մեզ օգնում ու աջակցում, բայց օգնում է ոչ թե սովից փրկելու համար, այլ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները ամրապնդելու ՀՀ-ում»: