Իրենց աշխատավարձն են պահանջում
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մոտ 50 նախկին աշխատակիցներ այս պահին հավաքվել են նախագահականի մոտ։ Նրանք պահանջում են, որ «Արմավիա»-ն իրենց վճարի չտրված աշխատավարձերը։ Ոմանք անցյալ տարվա նոյեմբերից, իսկ ոմանք էլ դեկտեմբերից աշխատավարձ չեն ստացել։ Նախկին աշխատակիցները հույս ունեն, որ իրենց խնդիրը կարող է լուծել միայն Սերժ Սարգսյանը։
Նրանք մեկ անգամ եւս դիմել են Սերժ Սարգսյանին, սակայն պատասխան նամակը, իրենց խոսքերով, չեն ստացել, պատասխանն ուղարկվել է «Արմավիա» ընկերություն։
Աշխատակիցների խոսքերով՝ դրանից հետո նրանց իր մոտ է կանչել «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը եւ տեղեկացրել, թե ով ստորագրել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակի տակ ամենավերջինն է ստանալու իր աշխատավարձը։
«Արմավիայի» աշխատակիցները զգուշացնում են, որ եթե հարցը չլուծվի, բողոքի ակցիաները շարունակական են լինելու։
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, այս պահին նախկին աշխատակիցները շարժվում են դեպի Արմավիայի կենտրոնական գրասենյակ։