Ուսման վարձը թանկացել է մինչեւ 200 000 դրամով
Թեև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը օրերս հայտարարեց, որ Բուհերում ուսման վարձերը կավելանան ընդամենը 20 -100 հազար դրամով, սակայն Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) ուսումնասիրել և պարզել է, որ կան բուհեր, որտեղ ուսման վարձը թանկացել է 200 հազար դրամով։
«Օրինակ` Կոնսերվատորիայի վոկալ արվեստ, ակադեմիական, ժողովրդական, ջազային, էստրադային երգեցողություն մասնագիտությունների գծով ուսման վարձը բարձրացել է 200 հազար դրամով։ 500 հազարից դարձել է 700 հազար դրամ։ Տնտեսագիտական համալսարանում էլ 400 հազար ուսման վարձից դարձել է 600 հազար դրամ»,- այսօր նման տվյալներ ներկայացրեց ՀՈւԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը։
Հայաստանի պետական բուհերում ուսման վարձերի բարձրացումը տարբեր է եղել։
ՀՈւԱԱ անդամները պարզել են, որ կան բուհեր, որտեղ վարձերը բարձրացել են ընդամենը 8%-ով, մինչդեռ ԵՊՀ-ում և ԵՊՏՀ-ում պատկերը բոլորովին այլ է։ «ԵՊՀ- ու և Տնտեսագիտական համալսարաններում բարձրացումը կազմել է համապատասխանաբար 28 և 29 տոկոս։ Ընդհանուր առմամբ ուսման վարձը թանկացել է միջինը 15%-ով»,- ասաց ՀՈւԱԱ անդամ Արմինե Յարալովան։
Եթե բարձրացնում են վարձերը, ուրեմն պետք է բարձրանա նաև Բուհերի կրթության մակարդակը, որն ըստ ասոցիացիայի անդամների ոչ լավ վիճակում է։ «Իսկ այսօր մեր մենք կարող ենք ասել, որ բուհերը «իմպոտենտ» են և պրոդուկտ չեն տալիս»,- ասաց Սարգիս Ասատրյանցը։
ՀՈՒԱԱ-ի համար այսօր առաջնահերթ խնդիր է կանխել ուսման վարձերի թանկացումը, թեև ասոցիացիայի անդամները կարծում են, որ այդ պայքարը հնարավոր է անարդյունավետ լինի, քանի որ արդեն բուհ ընդունված ուսանողներն անտարբեր են իրենցից հետո ընդունվողների վարձերի թանկացմանը
Այդ իսկ պատճառով ՀՈՒԱԱ-ն ցանկանում է կանխել ուսման վարձի թանկացումն այնքան ժամանակ, մինչև կգտնվի վարձի վճարման այլընտրանք։ «Պետք է ստեղծվի ֆոնդ, որտեղ բոլոր շահառուները, գործատուները, պետությունը, բուհերը, մասնավոր հատվածը, բարերարները գումարներ կներդնեն, որով էլ կնպաստեն անվճար բարձրագույն կրթությանը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց Սարգիս Ասատրյանցը։