Թափառող կենդանիների հարցը՝ քաղաքապետարանում
Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի, «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4-ը Երևանում անցկացվող 10-օրյա դասընթացների կազմակերպման նպատակով:
Կենդանաբույժ վիրաբույժների թագավորական դպրոցի անդամ Մել Կավանան առանձնակի կարևորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը Երևանում ընթացող դասընթացների կազմակերպման հարցում և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանությանն ուղղված միջազգային ծրագրերին գործուն աջակցություն և պատշաճ ուշադրություն հատկացնելու համար, ընդգծել է, որ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի միջազգային խոշորագույն կենդանապաշտպան կազմակեպությունների փորձն ուսումնասիրելու և Երևանում այն կիրառելու հարցում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորելով թափառող կենդանիների խնդրի կարգավորումը, հույս է հայտնել, որ օտարերկրյա մասնագետների փորձը շատ օգտակար կլինի Երևանի համար և, որ այս հարցում միջազգային համագործակցությունը գործնական ընթացք կստանա:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։