Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագծի հանրային քննարկում է անցկացվել

Հասարակություն
30b3ab6b7681a0034dc6c3892f4dc324

Բնապահպանության նախարարությունում այսօր անցկացվել է ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում: Օրենքի նախագիծը մինչ այդ քննարկվել և ընդհանուր առմամբ հավանության էր արժանացել Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ՙՇրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին՚ Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Բնապահպանության նախարարն ողջունելով քննարկման մասնակիցներին՝ տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել տարբեր ձևաչափերով:

Նախարարը շեշտել է, որ մինչ այժմ ստացված բոլոր ողջամիտ առաջարկները ներառվել են օրենքի նախագծում և հանրային քննարկման արդյունքում ևս հնչած հիմնավոր առաջարկները հաշվի կառնվեն: ՙՄեր ցանկությունն այն է, որ Օրենքի փոփոխությունների փաթեթը լինի ամբողջական, բազմակողմանի քննարկված և բոլորի շահերը հաշվի առնող նախագիծ՚,-նշել է Արամ Հարությունյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Պապյանը, անդրադառնալով օրենքի նախագիծը նախապատրաստող աշխատանքային խմբին, նկատել է, որ խմբի 9 անդամներից 6-ը ներկայացնում են հասարակական կազմակերպությունները՝ ինչը փաստում է դրա մշակման գործընթացին հասարակության մասնակցության մասին: Օրենքի նախագիծը ներկայացրել են աշխատանքային խմբի անդամներ Ազգանուշ Դռնոյանը (ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ) և Արթուր Գրիգորյանը (ՙԷկո դար՚ ՀԿ-ի իրավաբան):

Ելույթներով հանդես են եկել Ինգա Զարաֆյանը (ՙԷկոլուր՚ ՀԿ նախագահ), անկախ փորձագետ Սրբուհի Հարությունյանը և ՙԴալմա-Սոնա՚ հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում և շահագրգիռ քննարկում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը քննարկման ավարտին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ ՀՀ օրենքի ընդունումով և իրենց դիտարկումներն են ներկայացրել օրենքի գործնական կիրառման դեպքում հնարավոր խնդիրները կանխելու հարցում: Նախարարը քննարկման մասնակիցներին մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ բոլոր հիմնավոր առաջարկները կներառվեն օրենքի նախագծում: Արամ Հարությունյանն առաջարկել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել բոլոր նոր առաջարկները օրենքի վերաբերյալ:

Հայտնում է Նախարարության մամլո ծառայությունը ծառայությունը։