Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխայից առավել ծնողը օգնության կարիք ունի (տեսանյութ)

Հասարակություն
f919f1e65be56785b8fc230e9eaaf2dd

8-ամյա Արամ Պետրոսյանը սիրում է ժամերով առանձնանալ իր երազած բազմագույն աշխարհում: Լսողության հետ խնդիրներ ունեցող տղայի տարերգը նկարչությունն է:

Երեխան դժվարությամբ է շփվում արտաքին աշխարհի հետ: Ծնողների պատմելով՝ Արամը 9-ն ամսեկան էր, երբ պարզեցին, որ ծանր լսողություն ունի:

«Մեծ կորուստ էր, ցավոք սրտի, շատ ծանր լսղություն ունի, այսինքն ձախով ընդհանրապես չի լսում, աջով խլությունը 4-րդ աստիճանի է»,-ասում է Արամի մայրը` Կարինե Հարությունյանը:

Սուրդոթարգմանիչների, հոգեբանների եւ բժիշկների օգնության շնորհիվ 8 ամյա տղան այսօր որոշ չափով լսում է եւ հաճախում դպրոց:

«Չեմ կարող ասել, որ բոլոր երեխաների նման ազատ լսում է եւ ուսուցչին, եւ շրջապատին, եւ ցանկացած իրեն դիմողին, բայց իհարկե նաեւ չլսող երեխայի նման չի: Մենք ժեստերի ճանապարհը չենք ընտրել, խոսքի զարգացումն ենք ընտրել, իհարկե, չաչարվելով բայց հասել ենք»,-ասում է Հարությունյանը:

Այսօր էլ Արամը ծնողների հետ պարբերաբար այցելում է «Ֆիլանտրոպ» բարեգործական ընկերություն: Այստեղ սոցիալ հոգեբանական աջակցություն են ստանում բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաներ՝ արտթերապեւտիկ պարապմունքների, կավագործության, նկարչության, ձեռարվեստի, պապարվեստի միջոցով;

«Երեք տարի է երգում եմ, ժողովրդական եմ երգում: Ուզում եմ երգիչ դառնալ»,-ասում է 12-ամյա Հակոբ Խաչատրյանը:

«Ես ուզում եմ, որ բոլոր մանուկները առողջ լինեն»,-ասում է 8 տարեկա Ջուլյա Քարամյանը:

Մասնագետները վստահեցնում են, որ երեխայի հետ աշխատանքի արդյունքը պայմանավորված է նաեւ ծնողներով:

Երեխաններից ոչ պակաս աջակցության կարիք ունեն նրանց ծնողները:

«Այս առումով նախեւառաջ ծնողներին պետք է օգնել, որպեսզի իրենք ընդունեն իրենց երեխայի խնդիրը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ երբեմն ծնողները գալիս են կենտրոն հասկանալով, որ իրենց երեխան խնդիր ունի, բայց որ տեսնում են կողքին ավելի ծանր խնդիրներով երեխա, երբեմն խուսափում են, հրաժարվում են, այլեւս չեն բերում իրենց երեխային»,-ասում է «Ֆիլանտրոպ» բարեգործական ընկերության հիմնադիր Նունե Մնացականյանը:

Այսօր «Ֆիլանտրոպ» են հաճախում շուրջ 53 հաշմանդամություն ունեցող երեխաներ: