Հրապարակի հարցը ճարտարապետների հետ չի քննարկվել (տեսանյութ)
Հանրապետության հրապարակի շինարարության համար մրցույթ հայտարարելուց առաջ նախ պետք է հստակեցվեին մրցույթի պայմանները: Հենց սա էլ վրդովեցրել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին:
«Քանի որ մրցույթի պայմանները վերջնական քննարկման արդյունք չեն, իրենց մեջ մեծ բացեր ունեն: Ճարտարապետական հանձնաժողովում են քննարկվել այդ հարցերը և պայմանավորվածություն կար, որ վերջնական տեսքի վրա մենք բոլորս պետք է աշխատեինք, բայց դա չարվեց»,- ասաց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետին անհանգստացնում է մրցույթի ծրագրում նշված մի քանի կետեր, որոնցից մեկում ասվում է, որ առանձնակի ուշադրության կարժանանան այն առաջարկությունները, որոնք առավել հիմնավոր լուծումներ կառաջարկեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման և ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման համար:
Ճարտարապետն ասում է` սրանք շատ վտանգավոր դարձվածքներ են: «Ծավալատարածական հորինվածքները` Հանրապետության հրապարակի շուրջ մեզ հայտնի, շատ կայացած, գեղեցիկ, և հեղինակավոր ճարտարապետների կողմից արված գործեր են: Իսկ այդ հորինվածքներին ձեռք տալն իր մեջ մեծ վտանգ է պարունակում»,- ասաց ճարտարապետը:
Մեկ այլ խնդիր է, որ մրցույթի ծրագրում ընդհանրապես նշված չէ, որ Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է: «Հուշարձան լինելու դեպքում մոտեցումները լրիվ ուրիշ են: Եթե հուշարձան է, ուրեմն այն անձեռնմխելի է, և այն պետք է ունենա Մշակույթի նախարարության եզրակացությունը»,- ասաց պարոն Մինասյանը:
Հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթը շատ շտապ է արված, այն թերի է և վտանգավոր: Ճարտարապետն ասում է` հրապարակն այսօր ապրում է իր ռիթմով և բոլորովին էլ անհրաժեշտություն չկար նման արագ որոշումներ կայացնելու:
Երբ որոշվում է, որ, օրինակ` պետք է հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղ կառուցել, նախ պետք է այդտեղ հնագետներ աշխատեին, իսկ ծրագրում նման կետ չկա:
«Հրապարակը հնագիտական բազմաթիվ շերտեր ունի, և շատ հնարավոր է, որ այնտեղ 19-րդ դարի կամ ավելի հին բեկորներ գտնվեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Մեկ այլ խնդիր է, որ, ըստ ճարտարապետի, ավտոկայանատեղը դեպի հրապարակ կբերի մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, որոնք այնտեղ կցանկանան կանգնել:
Ըստ նրա այսօր չի կարելի ձեռք տալ նաև պատկերասրահի շենքին, թեև այն իրոք թամանյանական սկզբունքներից դուրս է:
«Մենք բոլոր ճարտարապետական կառույցները խեղել ենք արդեն: Իսկ հրապարակն այսօր պատրաստի կառույց է: Փակ շուկան պարզ օրինակ է: Այդ ժամանակ էլ ասվում էր, որ ոչ մի փոփոխություն չի արվելու, բայց մենք կորցրեցինք Փակ Շուկան, որ մեր ճարտարապետության գլուխգործոցներից էր»: