Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանում արտակարգ իրավիճակ է» (տեսանյութ)

Հասարակություն
878b1cde61b185a6e574639cf1b94c0c

Արվեստաբան Կարինե Հակոբյանը հանցագործություն է համարում Հանրապետության հրապարակը վերակառուցելու Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտահղացումը:

«Հանցագործը պետք է նստի բանտում եւ ոչ թե ղեկավարի քաղաքի ճարտարապետական ճանապարհը»,-ասում է նա։
«Հանուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը «Հայելի» ակումբում լրացնում է. « Հավասար բաներ են՝ Գորիսի կրակոցները եւ սա։ Ամենաթողությունն էնտեղ արտահայտվում է կրակոցներով, էստեղ արտահայտվում է՝ ազգ, քեզ համար սա՞ է սրբությունը, սպասի հերն անիծենք»:

Կարինե Դանիելյանի տպավորությամբ այսօր ամեն ինչ անում են, որպեսզի Երեւանը զրկվի իր պատմական կերպարից։ Նա նույնիսկ դիտավորություն է տեսնում Նարեկ Սարգսյանի ծրագրերում. «Էսպես ոնց որ սուրը վերցրած Երեւանը բնաջնջում է»։

Բնապահպանը մտադիր չէ նահանջել, առանց այն էլ ամբողջ քաղաքն, ըստ նրա, դարձել է օձերի ու կարիճների բնակավայր, ժամանակակից քաղաքաշինությունը նրանց զրկել է իրենց տարածքներից։ Քաղաքում արտակարգ իրավիճակ է։

«Առաջին հերթին թող Նարեկ Սարգսյանը դիմի արտակարգ իրավիճակների նախարարություն, քաղաքին ի՞նչ է անում, որ օձերն ու կարիճները պետք է մտնեն մեր բնակարանները»,- հարց է տալիս նա։

Ճարտարապետների միության նախագահը նույնպես հրապարակի վերակառուցման ծրագրերում ապօրինություն է տեսնում, քաղաքաշինական խորհուրդը ղեկավարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ չէ Նարեկ Սարգսյանի վերջին մտահղացումից:

Մկրտիչ Մինասյանը վտանգավոր է համարում Նարեկ Սարգսյանի այն պատճառաբանությունը, թե հրապարակը վերակառուցում են, որովհետեւ նրա շենքերն այլեւս իրենց գործառույթներին չեն ծառայում. «Դա ոչ մի նշանակություն չունի Հրապարակի վերաձեւավորման համար, որովհետեւ նրանք հուշարձան շենքեր են, ինչքան էլ նրանք վաճառված լինեն եւ նրանց գործառույթը պետք ա փոխվի, շենքն իր կերպարով մնում է նույնը»։

Միության նախագահը Հանրապետության հրապարակը համարում է ավարտված կառույց, կարելի էր մտածել թերեւս Պետական պատկերասրահի շենքը պահպանելու նպատակահարմարության մասին, բայց դա ապագայի խնդիր է. «Եթե հետագայում մենք շատ հարուստ լինենք, եւ շատ խնդիրներ կարողանանք լավ լուծել, նաեւ կլուծվի էդ հարցը՝ պատկերասրահի տեղափոխման»։

Երեւանցիներն առայժմ լավ չեն պատկերացնում, թե ինչ է ուզում անել հրապարակի հետ Նարեկ Սարգսյանը։ Պատկերացնողները դեմ են, որ նա մատով դիպչի Հանրապետության հրապարակին:

«Հրապարակը շատ լավ տեսք ունի եւ վերակառուցման կարիք չի զգում»,- նշում է քաղաքացիներից մեկը։ Մյուսն էլ հավելում է. «Ինչ-որ գարաժներ են ուզում ստեղ կառուցել։ Ինչ միտք ունի հրապարակում ըտենց բան կառուցել»։
Երրորդն էլ բ հավելում է. « Էդ իրանց սովորությունն ա, փող են աշխատում, փող են լվանում»։

Բնապահպաներն, ի դեպ, պահանջում են, որ քաղաքապետարանը նախ լուծի անօթեւանների կամ քաղաքի կանաչապատման հարցերը, հետո նոր անցնի կոսմետիկ ծրագրերին։