Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանցիները հավաքվել էին դատախազության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
79356c46f16807116b087d63a78e2bf0

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Հրազդան քաղաքի մեկ տասնյակից ավելի բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով՝ մի քր. Գործով մեղադրվող կողմի փաստաբանի ներկայությունը դատական նիստերին։

2008թ. հոկտեմբերի 25-ին Հանքավանի մայրուղու վրա ավտովթար է տեղի ունեցել՝ մահվան ելքով։ Մահացել են բողոքի ակցիայի մասնակիցների հարազատները՝
Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի 19- ամյա, ուսանող Աբրահամ Բագլաչյանը և նրա հորեղբայրը՝ 45-ամյա Տիգրան Բագլաչյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում Աբրահամ Բագլաչյանի հայրը՝ Արայիկ Բագլաչյանը, մանրամասնեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

«Տղայիս և եղբորս «Ժիգուլիին» հարվածել է դիմացից մեծ արագությամբ ընթացող մեքենան։ Արդեն 5 տարի է դատավարություն է ընթանում։ Այս դեպքը կապված է զուտ մեր Հրազդանի քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի հետ, որովհետև քաղաքապետի հորեղբոր տղան է մեքենայի մեջ եղել։ Մեքենայի տիրոջն արդարացրել են, իսկ քաղաքապետի հորեղբոր տղայի վրայով դատավարություն է ընթանում։ Դատավարությունն էլ ձգձգվում է, մեղադրվող կողմի փաստաբանը չի ներկայանում դատական նիստերին, հիմա էլ միջնորդություն է ներկայացրել, որ պետք է հեռանա երկրից։ Մեր միակ պահանջը, որ փաստաբանին թույլ չտան հեռանա երկրից և գործը չփակվի, քանի որ 5 տարի ձգձգելուց հետո ինքընստինքյան գործը կփակվի»,-արցունքները մի կերպ զսպելով պատմեց Արայիկ Բագլաչյանը։

Զոհված Տիգրան Բագլաչյանի դուստրն էլ՝ Օֆելյա Բագլաչյանը նշեց, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, անկախ այս կամ այն պաշտոնիայի հետ բարեկամական կապերից։

«Մեր կորուստը շատ մեծ է և ես ուզում եմ, որ ազատության մեջ չգտնվեն մեղավորները»։