Հավերի նյութափոխանակությունը խանգարվե՞լ է
Սննդի անվտանգության պետական ծառայության հայտարարությունը.
Ի պատասխան ս.թ. հունիսի 4-ից 5-ը ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվության այն մասին, որ Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերում և Երևան քաղաքի Չարբախ թաղամասի խանութներից մեկում վաճառվում են վնասակար ձվեր՝ ներքոնշյալ լուսանկարներով, և դրանք վնասակար են՝ հայտնում ենք, որ լուսանկարներում պատկերված ձվերի արտաքին տեսքի փոփոխությունները կարող են առաջանալ ածան հավերի մոտ նյութափոխանակության որոշակի խանգարումների արդյունքում, որոնք վարակիչ հիվանդություն չեն հանդիսանում և մարդու համար անվտանգ են:
Բացի այդ, համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության՝ առանց համալիր լաբորատոր հետազոտությունների իրականացման, միայն մասնագետի զգայական հետազոտությամբ (դիտման միջոցով) սննդամթերքը, այդ թվում՝ ձուն, վտանգավոր կամ վնասակար ճանաչել չի կարելի:
Սակայն ձուն պետք է լինի մակնշված, մաքուր և առանց անորակության բացահայտ նշանների (ՀՀ կառավարության որոշումը «Ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 29 սեպտեմբերի 2011 թվականի N 1438-Ն):
Եվ քանի որ, լուսանկարներից դատելով, ձվերի վրա առկա է մակնշման պահանջների խախտում, կոչ ենք անում ՀՀ բնակիչներին և զանգվածային լրատվության միջոցներին նման ձվերի հանդիպելու դեպքում անմիջապես հայտնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը դրանց վաճառքի վայրի մասին՝ Ծառայության կողմից համապատասխան գործողություններ կատարելու համար: