«Մերը հո կազինո չէ՞» (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել խաղային ապարատներ աշխատացնող տնտեսվարողները։
Մի քանի անգամ Ֆինանսների նախարարություն դիմելուց ու ոչ մի պատասխան չստանալուց հետո, նրանք որոշել են դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ պահանջել նրանից վերանայել օրենքը, ըստ որի, նրանք տարեկան 5,000,000 դրամ պետք է վճարեն լիցենզիայի համար։
Այս օրենքը նրանք անարդար են համարում. «Էտ ի՞նչի համ մենք, որ օրը 5000 դրամ են աշխատում, համ էլ խաղատները, որ օրը միլիոններ են աշխատում, նույն գումարը պետք ա տանք։ Ոնց կար ա ըտենց լինի», - ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Խաղային ապարատներ աշխատացնող տնտեսվարողները, արդեն 20 օր է անգործ են, փակել են ապարատները, քանի որ հարկային ծառայությունից զգուշացրել են, որ առանց լիցենզիայի աշխատելու դեպքում, նրանք կտուգանվեն։
Հավաքվածներին եւս մեկ հարցել է հուզում. « Եթե այնպես էին անելու, որ չկարողանանք աշխատենք, ինչու ներմուծեցին այս ապարատները, ինչու ծախեցին մեր վրա։ Մենք վարկ ենք վերցրել, որ կարողացել ենք գնել դրանք, հիմա ոնց ենք այդ վարկը փակելու»։ Ակցիայի մասնակիցները դիմում են Տիգրան Սարգսյանին, որ իրենց համար նոր աշխատատեղեր տրամադրի։