Բռնադատվածներին ոչ ոք չի հիշում
87 -ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը և 79-ամյա Վարդգես Ռուբինյանը ընկերներ են։ Ամեն տարի այս օրը նրանք ջուր են խմում «Հաղթանակ» զբոսայգու ցայտաղբյուրից ՝ հայ բռնադատվածների հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո։
«Մենք 1937թ. բռնադատվածներն ենք։ Մեզ աքսորեցին Ղազախստան։ Էնտեղ մնացին մեծ եղբայրս, երիտասարդ մայրս։ Մենք վերադարձանք, հայրս բերեց, որպեսզի չձուլվենք այլ ազգերի։ 1960թ-ից Երևանում ենք»,-ասաց Ալեքսանդր Հովհաննիսյանը։
Երկու ընկերները միասին են անցել կյանքի բոլոր դժավրություններն ու փորձությունները։ Ալեքսանդր Հովհաննիսյանի ընտանիքին Խորհրդային տարիներին աքսորել են՝ կոլեկտիվ տնտեսություն չմտնելու համար. «Գործերի մեջ գրած է կոլտնտեսության շարժման հակառակորդ»։
Վարդգես Ռուբինյանի ընտանիքին նույնպես աքսորել են Ղազախստան, կրկին կոլտնտեսություն չմտնելու համար։ Թեև Վարդգես և Ալեքսանդր պապիկները բռնադատվածի պիտակ ստացել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում, սակայն այսօր կարոտով են հիշում այդ տարիները. «Հիմա որ դնում եմ բոլշևիկներին և հիմա, բոլշևիկները համեմատաբար սուրբ էին»։
1994թ-ից Հյաստանում հունիսի 14-ը նշվում է որպես քաղաքական բռնաճնշումների ենթարկված ԽՍՀՄ քաղաքացիների հիշատակի օր։ «Հուշամատյան» պատմալուսավորչական ՀԿ նախագահ Գրիգոր Թանանյանի տվյալներով այսօր մեր երկրում ապրում են մոտ 1500 բռնադատվածներ, իսկ նրանց ժառանգները 8-10 հազար են։ Նրա խոսքերով այսօր բռնադատվածները մի շարք խնդիրներ ունեն. «Սոցիալ-տնտեսական, կենցաղային, բնակարանային, նյութական»։
Պարոն Թանանյանը բռնադատվածների խնդիրները գրավոր տեսքով ներկայացրել է , բոլոր պետական կառույցներին։
«Հարցեր կան, որ լուծվել են, բայց մեծագույն մասը չեն լուծվել»,-նշեց Պարոն Թանանյանը։
Այսօր՝ խորհրդային տարիներին բռնադատվածների օրը, բացի նրանից եւ նրանց հարազատներից, որեւէ մեկը չի հիշում. «Որևէ պաշտոնյա այսօր չի այցե։ել»,-եզրափակեց Գրիգոր Թանանյանը։