Հնարավոր է լուրջ աղետի առաջ կանգնենք (տեսանյութ)
Հայաստանի ավելի քան 81 տոկոսը անապատացման վտանգի տակ է:
«Սա շատ վտանգավոր գործընթաց է: Նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք մեր հողերի և ջրերի մեծ մասը»,- այսօր լրագրողներին հայտնեց Ինգա Զարաֆյանը: Հունիսի 17-ը ողջ աշխարհում նշվում է որպես անապատացման և երաշտի դեմ պայքարին համաշխարհային օր:
Վիճակագրական տվյալներով՝ 2007թ. տվյալներով գյուղատնտեսական նշանակության հողերը ծավալը կազմել է 2 մլն 200 հազար հա։
Արդեն 2011թ. տվյալներով գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալը կրճատվել է մինչև 2 մլն 76 հազար հեկտարի: «Կրկին վիճվարչության տվյալներով՝ 2007-2011 թթ. ջրի արտադրական պահանջը ավելացել է մոտ երկու անգամ: Սա նշանակում է, որ մենք աղտոտված ջրերի շատ ավելի մեծ հոսք ենք ունեցել»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Անապատացման վտանգի մասին խոսելիս բնապահպանն առանձնացնում է հատկապես Արարատյան դաշտավայրի աղակալման խնդիրը: Դաշտավայրի 600 հազար հա հողից աղակալման հետևանքով օգտագործման համար անպիտան են դարձել 30 հազարը: Ինգա Զարաֆյանն ասում է` աղակալման խնդիրը նոր չի առաջացել. այն ծագել է դեռևս տարիներ առաջ, սակայն խնդիրը խորացել է ձկնաբուծարանների պատճառով: «Նրանք օգտագործում են ստորգետնյա ջրերը և ոչ ոք նրանց չի ստիպել, որ չխախտեն շերտավորումները: Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերի շերտավորում կա, որը ընդհանրապես չի կարելի խախտել: Եթե խախտում ես` ստանում ես կատաստրոֆա»,- ասաց բնապահպանը:
Վրա հասնող էկոլոգիական աղետից խուսափելու համար բնապահպանները Կառավարությունից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել, որոնք դեռ չեն տեսնում: «Պետք է փոխվի ողջ պետական քաղաքականությունը հողի և ջրի նկատմամբ: Այսօր մենք ունենք սպառողական վերաբերմունք, որը պետք է փոխվի պահպանողականի: Հակառակ դեպքում մենք աղետի կբախվենք, իսկ 81 տոկոսը լուրջ թիվ է»: